Իսպանիայում զբոսաշրջիկների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների պատճառով


05:30 , 16 մարտ, 2020

Իսպանիայի զբոսաշրջային քաղաքներում զանգվածային բախումներ են տեղի ունեցել օտարերկրյա զբոսաշրջիկների և տեղի ոստիկանության միջև՝ կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների պատճառով, հայտնում է Deutsche Welle-ն:

Պարբերականի համաձայն, իսպանական հանգստավայրերում բախումները սկսվել են մարտի 15-ին, երբ ոստիկանությունը, կառավարության որոշման համաձայն, փորձել է փակել հասարակական սննդի հաստատությունները: Բախման էպիկենտրոն է դարձել Բենիդորմ քաղաքը:

Որոշ հաստատություններում կառավարության որոշումն իրականացնող ոստիկանների վրա ափսեներ և շշեր են նետել: Բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ: Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել: Կան տուժածներ:

Պարբերականի համաձայն, սրճարանների և ռեստորանների մեծ մասը հաջողվել է փակել, սակայն լողափերը շարունակում են գործել. ոստիկանությանը չի հաջողվել արգելափակել դրանք:

Համաձայն վերջին տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տասնյակում են հայտնվել եվրոպական հինգ երկրներ՝ Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Շվեյցարիան: