Մեծ Բրիտանիան մեկուսացնում է 70-ից բարձր տարիքի բոլոր անձանց


23:45 , 15 մարտ, 2020

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մոտակա շաբաթներին պատրաստվում է երկար ժամանակով մեկուսացնել 70-նն անց բոլոր քաղաքացիներին՝ կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով, հայտարարել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, հաղորդում է BBC-ն:

Նրա խոսքով, նման հրահանգ դեռ չի եղել, բայց երբ դա տեղի ունենա, ապա տարեցների, ինչպես նաև ավելի երիտասարդների, որոնք առողջության հետ կապված խնդիրներ ունեն, մեկուսացումը կշարունակվի «շատ երկար ժամանակ»:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ճնշման տակ է. երկրում կորոնավիրուսից մահացության 21 դեպք է գրանցվել: Բոլոր մահացածները 60 տարեկանից բարձր մարդիկ են կամ հարակից հիվանդություններ ունեցողներ:

Մեկուսացված քաղաքացիները պետք է մնան տանը և անհրաժեշտ մթերքների ու կենսական նշանակություն ունեցող դեղերի պաշար ունենան:

Հենքոքը հայտարարել է, որ առանց ախտանշանների մարդիկ կկարողանան այցելել տարեց հարազատներին և ընկերներին՝ երկու մետր հեռավորություն պահպանելու պայմանով:

Նրա խոսքով, առողջապահության ծառայությունը բավարար քանակությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերով ապահովված չէ, ուստի կառավարությունը մեքենաներ, զենք արտադրողներին և բանակի մատակարարներին կառաջարկի վերափոխել իրենց ընթացիկ արտադրական գծերը:

Բացի այդ, Բրիտանիայում հյուրանոցները կարող են բռնագրավվել՝ մահճակալների քանակն ավելացնելու համար, իսկ թոշակի անցած բժիշկներն ու բուժքույրերը կվերադառնան աշխատանքի: