Հայերն ունեն բնածին իմուն համակարգի ավելի ակտիվ վիճակ․ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ մենք ավելի պաշտպանված ենք ինֆեկցիոն ախտահարումներից


13:35 , 13 մարտ, 2020

ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ
Քանի որ տեսականորեն մենք կարող ենք ենթարկվել կորոնավիրուսի մասշտաբային գրոհին, ու մանիկյուռնե... կներեք, պանիկյորները տեսականորեն մեր առողջապահական համակարգը չեն համարում պատշաճ պատրաստված, ինչպես նաև տեսականորեն կանխատեսում են սարսափելի հետևանքներ, ապա ԶՈՒՏ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ...

Հայերն, ի տարբերություն աշխարհի մնացած ժողովուրդների, ունեն բնածին իմուն համակարգի ավելի ակտիվ վիճակ: Առնվազն ամեն 3-րդ կամ 5-րդ հայ ունի Պարբերական հիվանդության 1 մուտացիա (Երևանյան հիվանդության գեն): Փորձարարական ճանապարհով է ապացուցված, որ մուտացիա ունեցող բոլոր մարդիկ, այսինքն՝ նաև առողջները, ունեն նորմայից ավելի ակտիվ բնածին իմուն համակարգ: Իսկ բնածին իմուն համակարգը լինում է հակավիրուսային պաշտպանության առաջնագիծը:

Այնպես որ, կլինի կորոնավիրուս, թե մեկ այլ ախտածին, ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ մենք ավելի պաշտպանված ենք ինֆեկցիոն ախտահարումներից: Հենց դա է պատճառը, որ հազարավոր տարիներ առաջ Պարբերական հիվանդության մուտացիաներն, առաջանալով ընդամենը 1 կամ մինչև 5 անձի մոտ, հետո տարածվեցին ողջ Հայկական լեռնաշխարհում՝ անցնելով անգամ դեպի Պաղեստին, դեպի Փյունիկիա, դեպի Կարթագեն... Մահացու համաճարակների ժամանակ մուտացիա ունեցողներն ապրում էին, բազմանում, իսկ չունեցողները՝ ոչնչանում:
ՓԱՍՏ Է, որ Պարբերական հիվանդության գեները 5 հոգուց միլիոնավոր մարդկանց անցել են ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ճանապարհով: