Շիրակի մարզի դատախազը՝ մարդասպանին պաշտպանո՞ղ


18:20 , 11 մարտ, 2020

Օրեր առաջ Գյումրիում արձանագրված սարսափազդու դեպքը, երբ նախկինում դատված 28-ամյա «մարդ» կոչվածը ծեծելով սպանել էր իր 43-ամյա ընկերուհուն և մահվան դուռն էր հասցրել վերջինիս 13-ամյա դստերը, նոր սկանդալի կիզակետում է հայտնվում։ Ըստ ԶԼՄ-ների (https://www.aravot.am/2020/03/05/1098195/… )՝ Շիրակի մարզի դատախազությունը ճիվաղ մարդասպանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ-ի 112 -րդ հոդվածի 1-ին և 14-րդ կետերով։

Զավեշտալին այս ամենում այն է, որ իրավապահները գտնում են, որ մարդասպանն անզգուշությամբ է առաջացրել տուժողի մահը, որը պատժվում է 5-10 տարի ժամկետով։ Սա ճիվաղ մարդասպանի նկատմամբ բացահայտ հովանավորչությո՞ւն է։ Հետաքրքիր է, ո՞վ է դատախազին ասել, որ տականքն անզգուշությամբ է սպանել այդ կնոջը, երբ գլխավոր վկաներից մեկը՝ մահացածի 13-ամյա դուստրը, չի կարող ցուցմունք տալ և բացահայտել իրողությունը… Ստացվում է՝ դատախազությունը մեղադրանք առաջադրելիս հաշվի է առել միայն հանցագործի՞ տեսակետը։

Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե տուժողն անզգուշության արդյունքում մահանար, ապա ինչո՞ւ էր այդ ամենի մեղավորը դաժանաբար ծեծում նաև մահացածի երեխային։ Ու չի բացառվում, որ նպատակ է ունեցել նաև երեխային սպանելու։ Ընդհանրապես, այս մարդասպանության մեղավորն իրավապահներն են, որոնք, ըստ Գյումրիում տարածված լուրերի, տարբեր հանցագործությունների համար կասկածված և 6 անգամ ձերբակալված և մի քանի անգամ դատապարտված հանցագործին մշտապես մեղմ են վերաբերվել, որի արդյունքում էլ վերջինս այնքան է լկտիացել, որ արդեն մարդ է սպանում ու կրկին արժանանում իրավապահների «շատ մեղմ» վերաբերմունքին։

Հիշեցնեմ, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը բավականին հմտացած է հովանավորչության մեջ։ Ժամանակին նա մեծ հաճույքով հովանավորում և կոծկում էր ՇՊՀ նախկին ռեկտոր և ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանի հանցագործությունները և անօրինականություններն ու այդ ամենը «գլխառադ» անելու նպատակով գործը վերջնական հանձնեց ՀՔԾ-ին։ Իսկ հիմա էլ պարոն Գաբրիելյանը լծված է գործող իշխանությունների դրածոների հանցանքները կոծկելու և քննությունները երկարաձգելու անպատվաբեր գործին։

ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի կողմից գործած հանցագործությունը, երբ վերջինս, չկատարելով իր դասախոսական պարտականությունները, կեղծել է պաշտոնական փաստաթղթերը և վարձատրվել է չկատարած աշխատանքի համար, արդեն 9 ամսից ավելի քննվում է և, ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, Կարեն Գաբրիելյանը միտումնավոր փոխում է քննիչին՝ գործի քննությունը երկարաձգելու և այն ծածկադմփոցի անելու նպատակով։ Իսկ հիմա էլ պարզվում է, որ պարոն Գաբրիելյանը շատ մեղմ է վերաբերվում ճիվաղ մարդասպաններին՝ հանցագործին առաջադրելով շատ թեթև մեղադրանք։

Հ.Գ. Իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ մեծ աղմուկ էին բարձրացրել ճիվաղի կողմից այդ կնոջը ծեծելով սպանելու և նրա անչափահաս դստերը մահվան շեմին հասցնելու ժամանակ։ Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում նրանք դատախազության կողմից տականք մարդասպանին այսպիսի «մեղմ» մեղադրանք առաջադրելու համար։