Մելիքգյուղում երիտասարդ ծնողներն իրենց 7-ամսական երեխային օրորոցում մահացած են հայտնաբերել


17:14 , 10 մարտ, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Արագածոտնի մարզի Մելիքգյուղի 1-ին փողոցի տներիից մեկում երիտասարդ ծնողներն իրենց 7 ամսական դստերն օրորոցի մեջ մահացած են հայտնաբերել։ 

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանի հետ, ով ասաց՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 8-ի գիշերը. «Երեխան մի փոքր վատառողջ է եղել, խորխը փակել է շնչափողը և խեղդվել է ։ Դատաբժշկական փորձաքննություն նույնպես եղել է և նույն բանն են ասել՝ շնչափողը փակվել է»,-նշեց Դերենիկ Շահբազյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Անահիտ Ավետիսյանը մանրամասնեց՝ տեղի է ունեցել շնչուղիների մեխանիկական խցանում, ինչի հետևանքով էլ երեխան շնչահեղձ է եղել. «Ժամը 2-ին մայրիկը կերակրել է երեխային, հետո 4։30 էլ է փորձել կերակրել երեխային, սակայն նա քաղցած չի եղել և քնացրել է երեխային։ Հավանաբար քնած ժամանակ երեխան փսխել է, և այդ փսխման զանգվածը խցանել է շնչուղիները»,-ասաց Անահիտ Ավետիսյանը՝ հավելելով, որ դիահերձման եզրակացությունը ևս փաստում է՝ երեխայի մահվան պատճառը մեխանիկական արգելքն է։

Նշենք, որ աղջիկը երիտասարդ զույգի միակ երեխան էր։