Էջմիածնի քաղաքապետի գրառումը խնդրահարույց է «Հանրաքվեի մասին» օրենքի տեսանկյունից


01:16 , 10 մարտ, 2020

Այսօր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ «վաղը լինելու է Չարենցի այգում՝ էջմիածնեցիների հետ հանդիպելու, նրանց հուզող խնդիրները քննարկելու և հանրաքվեին վերաբերող հարցերին պատասխանելու նպատակով»՝ ավելացնելով, որ շրջելու է շենքերի բակերով և բնակիչներին հանձնի ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրեր։

Դիանա Գասպարյանի գրառումը խնդրահարույց է օրենքի՝ հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների տեսանկյունից։

Նախ՝ Դիանա Գասպարյանն, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, բնակիչներին հրավիրում է իր՝ Էջմիածնի քաղաքապետի հետ հանդիպման բնակիչներին հուզող խնդիրները քննարկելու համար։ Բնակիչները, բնակաբանար, կցանկանան իրենց խնդիրները ներկայացնել գործող քաղաքապետին։

Երկրորդ՝ գրառումից ակնհայտ է դառնում, որ Գասպարյանը պատրաստվում է բնակիչների հետ քննարկել նրանց խնդիրները, ինչը կրկին կարող է անել միայն քաղաքապետի կարգավիճակում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու կարգավիճակը։

Եվ երրորդ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով բնակիչներին իր հետ հանդիպման հրավիրելով՝ Գասպարյանը պատրաստվում է միաժամանակ քարոզչություն իրականացնել՝ բակերով շրջելով և քարոզչական նյութեր բաժանելով, մինչդեռ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել «ի պաշտոնե հանդես գալիս»։

Կոչ եմ անում Դիանա Գասպարյանին պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ի պաշտոնե հանդես գալիս չիրականացնել քարոզչություն, իսկ քարոզչություն իրականացնելիս հանդես չգալ ի պաշտոնե։

Աստղիկ Մաթևոսյան, «Ոչ» քարոզչական կողմ