«Միանշանակ բրենդամոլ չեմ». Մարինկա Խաչատրյանը՝ ոճային հագնվելու, նախընտրելի հագուստի և իր սիրելի աքսեսուարի մասին (Photo)


23:41 , 9 մարտ, 2020

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հաճախ է աչքի ընկնում իր ոճով, սակայն, ըստ դերասանուհու, նորաձևությանը շատ չի հետևում: Անկախ միտումներից՝ Մարինկայի զգեստապահարանում հատուկ տեղ է զբաղեցնում ակնոցների լայն տեսականին: 

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ոճի, հագուստի, գնումների ու նախընտրելի գույների մասին:

Ինստագրամի վերջին հրապարակումներում Մարինկան նախապատվությունը տվել է պաստելային երանգներին ու կաթնագույնին:

«Գույների տեսանկյունից հստակ սահմանափակումներ չունեմ, սակայն  մի քանիսն ավելի շատ եմ նախընտրում: Այս տարի ինձ ավելի հաճելի և հարմարավետ է պաստելային գույներով: Իհարկե, իմ ամենասիրելի գույնը սևն է, սակայն այս տարի ինձ շատ է հետաքրքրում նաև դեղինը: Կաթնագույնի երանգներն են ինձ համար հաճելի, բաց վարդագույնի հանդեպ նույնպես անտարբեր չեմ»,-ասաց դերասանուհին:

Խոսելով նախընտրելի ոճի մասին՝ Մարինկան նշեց. «Անկեղծ կլինեմ, նորաձևությանը շատ չեմ հետևում: Սիրում եմ հագնել այն, ինչն ինձ դուր է գալիս, կարևորում եմ, որ տվյալ  հագուստով ինձ ազատ ու հարմար զգամ: Նախընտրում եմ casual ոճը, սիրում եմ տարբեր, խառը համադրություններ: Հիմնականում սպորտային հագուստ եմ սիրում, առօրյայում գրեթե միշտ սպորտային հագուստով եմ լինում: Իհարկե գործի բերումով բարձրակրունկ կոշիկներ ու երեկոյան զգեստներ ևս հագնում եմ: Ամենակարևորն այն է, որ մարդը հագուստի մեջ իրեն լավ զգա»:

Կան իրեր, որոնց հանդեպ դերասանուհին հատուկ վերաբերմունք ունի: Օրինակ՝ ակնոցն այն աքսեսուարն է, որը նրա պահարանում միշտ առկա է. «Ինձ համար առաջին աքսեսուարն ակնոցն է: Շատ-շատ եմ սիրում ակնոց, կապ չունի՝ տվյալ ակնոցը հիմա նորաո՞ճ է, թե՞ ոչ: Գրեթե միշտ ակնոց եմ կրում, երբեմն կարող են ասել, որ դա այլևս ակտուալ չէ, բայց ինձ համար միևնույն է, եթե ինձ դուր է գալիս, կրում եմ: Նույնն էլ զգեստների դեպքում է, եթե սիրեցի, չեմ հետաքրքրվում՝ թեմայի մե՞ջ է, թե՝ ոչ, կքննարկվի՞, թե՝ ոչ»:

Նկարահանման հրապարակում աշխատելը դերասանուհուց պահանջում է հագուստի լայն տեսականի: Մարինկան ասաց, որ պահարանն արդեն շատ լիքն է. «Զգեստապահարանս, կարելի է ասել, բավականին հագեցած է: Աշխատում եմ այնպես անել, որ հագուստը շատ չկրկնվի, հատկապես, հեռուստասերիալի նկարահանումների պարագայում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ