Ոսկեպարում ադրբեջանական կրակոցներից տներ են վնասվել


14:48 , 9 մարտ, 2020

Armradio.am-ը գրում է.

Այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է կրակել  հայ-ադրբեջանական  պետական սահմանի Տավուշի ուղղությամբ։ Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ  կրակահերթեր արձակվել են, բայց գյուղն ուղիղ   նշանառության տակ չի եղել։

Ըստ գյուղապետի՝  կրակոցներն  ավելի շատ  ստուգողական բնույթ են ունեցել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմը մարտի 8–ին գնդակոծել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։ Գյուղապետի խոսքով՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում,  ադրբեջանական զինուժը մոտ կես ժամ գնդակոծել  է գյուղը՝ հրաձգային զենքերից արձակելով 2 կրակահերթ։

«Ռադիոլուրին» հայտնի դարձավ, որ մի քանի տուն տարբեր աստիճանի վնաս է կրել, վնասվել է նաև բակում կայանված մեկ մեքենա։

Գյուղապետը դեռ հստակ չի նշում  պատճառված վնասի չափը, քանի որ ընթանում են գույքագրման աշխատանքներ։