Վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը


05:30 , 5 մարտ, 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։

Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ 2019 թվականին իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Ներկայացվել է նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։

Անդրադառնալով 2020 թվականի պլանային ստուգումներին՝ նշվել է, որ ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի ևս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները:

Քննարկվել է նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի հետ կապված հարցեր։