Facebook-ը սեփական վճարային համակարգ կստեղծի


17:21 , 5 մարտ, 2020

ԱՄՆ-ի Facebook ընկերությունը քննարկում է սեփական էլեկտրոնային վճարային համակարգի ստեղծման հնարավորությունն այն բանից հետո, երբ Յոթի խմբի երկրների (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) իշխանությունները բացասաբար են ընդունել Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելու ծրագիրը: Մարտի 4-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ նոր վճարային համակարգը, որը կստեղծվի Libra էլեկտրոնային արժույթի հիմքի վրա, «թույլ կտա գործարքավարություններ իրականացնել ամերիկյան դոլարով, եվրոյով և այլ արժույթներով»: Ինչպես նշել է գործակալությունը, Libra Association կոնսորցիումը, որը բաղկացած է ավելի քան 20 ընկերություններից և կազմակերպություններից, ներառյալ Facebook-ը, շուտով պաշտոնապես կհայտարարի ծրագրի նոր հայեցակարգի մասին:

Bloomberg-ի տեղեկությունների համաձայն՝ Facebook-ն, այնուամենայնիվ, չի հրաժարվում սեփական գաղտնարժույթի ստեղծման գաղափարից: «Խոսքը վերաբերում է ոչ թե սկզբնական ծրագրից հրաժարվելուն, այլ դրա ընդլայնմանը»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրի խոսքը: Միևնույն ժամանակ Bloomberg-ն ընդգծում է, որ եթե Libra ծրագիրը վերածվի վճարային համակարգի ստեղծման, այլ ոչ թե գլոբալ գաղտնարժույթի, ապա ամերիկացի շարքային քաղաքացիները մեծ տարբերություն չեն տեսնի արդեն գոյություն ունեցող PayPal տիպի համակարգերի համեմատությամբ։