21:00 , 4 մարտ, 2020Հանցագործ աշխարհում, ինչպես և ընդհանուր առմամբ հասարակության մեջ, գոյություն ունեն ինչպես խելացի ու հանճարեղ, այնպես էլ անմիտ ու հիմար մարդիկ: Վերջիններիս մեջ կան նաև այնպիսինները, որոնք սիրում են հաղորդակցվել սոցիալական ցանցերում, ինչն էլ դառնում է նրանց անհաջողության պատճառը:
Մի ամառային առավոտ Ռուսաստանի Պերմի քաղաքի 20-ամյա բնակչուհին ուղևորվեց աշխատանքի: Ճանապարհին նրա վրա հարձակում գործեց մի տղամարդ, որը մի քանի հարված հասցրեց, կոտրեց աղջկա քիթը և հափշտակեց պայուսակը: Դրանից հետո հանցագործն իր զոհին տարավ ավտոտնակների կոոպերատիվի տարածք, որտեղ էլ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարեց:
Աղջիկը հետագայում ոստիկանություն դիմեց:Նա հաղորդում տվեց պատահարի վերաբերյալ և միաժամանակ ոստիկանին օգնեց կազմել հանցագործի ֆոտոռոբոտը: Հանցագործի առանձնահատկությունը ձեռքի ներքևի հատվածում արված դաջվածքն էր: Հետաքննիչները սկսեցին զբաղվել տղամարդուն փնտրելով, սակայն մեկ շաբաթվա ընթացքւմ ոչ մի տեղեկություն չկարողացան ստանալ նրա մասին:
Իր հետքի վրա դուրս գալ օգնեց հենց ինքը՝ հանցագործը: Նա այցելել էր զոհի ВКонтакте-ի էջ և հավանել աղջկա լուսանկարներից մեկը: Վերջինս էլ ճանաչել է տղային, անմիջապես այդ մասին հայտնել ոստիկանությանը, որը հայտնաբերել է հանցագործին և ձերբակալել հենց նրա տան դիմացից:
Բրուքլինյան դատարանը ռեփեր Ռոնալդ Հերոնի նկատմամբ կայացրեց դատավճիռ: Նա հանդես էր գալիս Ռա Գիգս կեղծանվամբ: Նրան մեղավոր ճանաչեցին մի շարք սպանությունների համար, որոնք նա տեսանկարահանել էր և օգտագործել իր տեսահոլովակներում:
33-ամյա ռեփերին դատապարտեցին 12 ցմահ ազատազրկման և 105 տարի ազատազրկման: Իր մեղավորությունն ապացուցել ոստիկանությանն ու դատարանին օգնել է հենց ինքը՝ Ռոնալդը: Նա որոշել էր իր ֆեյսբուքյան էջում հպարտանալ նրանով, որ սպանում է մարդկանց, ինչպես նաև զբաղվում է հափշտակություններով և թմրամիջոցների առուվաճառքով: Նա անգամ բլոգ էր վարում սոցիալական ցանցերում, որտեղ մանրամասնորեն պատմում էր իր ապօրինի գործունեության մասին:
Ռեփերի փաստաբանները պնդում էին, արտիստի կենսագրությունը ոչ մի կապ չունի նրա բեմական կերպարի հետ, սակայն հանցագործությունների ականատեսներն այլ բան էին պնդում: Ներկայումս ապացուցված է, որ Հերոնը արյունարբու հանցագործ է, որը փորձել է բռնության միջոցով մարդկանց վրա իր իշխանությունը հաստատել: