Կրկնվում է 90-ականների սցենարը, երբ ՀՀ ղեկավարությունն ամեն ինչ անում էր, որ արգելակեր հայկական զինված ուժերի առաջընթացը


15:09 , 4 մարտ, 2020

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց: Ինձ չպատասխանեց, իմ ստատուսի հիման վրա 168-ի հարցմանը պատասխանեց: Ինձ նրանք չեն կարող պատասխանել, քանի որ չգիտեն «Ադեկվադի» մասին: Սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է: Հենց այդպես էին նրանք մեզ պատասխանել, երբ, ի պատասխան իրենց այն հայտարարության, որ նրանք բաց են քննարկումների համար և ոչ միայն սորոսականներին են զեկուցում, մենք նույնպես նրանց հրավեր ուղարկեցինք:

Ինչևէ, ԱԳՆ-ն ասում է, որ «կողմերը, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաեւ նրանց շփումները ԵԱՀԿ մասնակից տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ»: Այսինքն՝ համանախագահները նախապես տեղեկացրել էին, որ հանդիպելու են Թուրքիայի ԱԳՆ-ի հետ: Սրա մասին ԱԳՆ-ն չէր ուզում խոսեր, քանի որ հերթական անգամ, մեղմ ասած, անհարմար իրավիճակում էին հայտնվելու: Բանն այն է, որ էս «չբանակցություն» կոչվող կրկեսի ներկայացումները «կուտվեն», եթե բոլոր կողմերն իրենց դերը խաղան, ու տակից արտահոսքեր չլինեն:

Երբ Ալիևը, Նժդեհի մասին ելույթ ունենալով, պաս էր տալիս Նիկոլին ու թույլ տալիս, որ Նիկոլը հայրենասեր տղա երևա, կամ երբ նրանք Մյունխենում նստում, ինչ-որ վեճ են բեմադրում, կամ երբ ԵԱՀԿ-ն Թուրքիային ներգրավում է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն ինչ-որ մեջբերում է անում Ավետարանից, այդ ամենը կրկես է, գործող անձինք էլ՝ ծաղրածուներ: Ծաղրածուներ, որոնց միակ գերակայությունն իրական գործընթացից հանրության ուշադրությունը շեղելն է: Կրկեսի հիմնական պրոդյուսերն էլ Արմեն Սարգսյանն է, իսկ սեփականատերերը հեռվից վայելում են:

Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ 5 կողմերից 4-ը կողմ են Թուրքիայի` պրոցեսի մեջ ներգրավվելուն: Դա բխում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ադրբեջանի շահերից: Դա, իհարկե, չի բխում ՀՀ շահերից, բայց բխում է ՀՀ «նայողի»՝ Արմեն Սարգսյանի շահերից: Այս ամենը, իհարկե, չի բխում նաև Ռուսաստանի շահերից, որովհետև կրկեսի ողջ պրոցեսի իմաստը «Գազպրոմին» այլընտրանք հանդիսացող պրոյեկտների անվտանգությունն ապահովագրելն է: Ըստ այդմ, շատ տրամաբանական էր Զախարովայի կատարած «դիվերսիան»:

Կրկնվում է 90-ականների սցենարը, երբ ՀՀ ղեկավարությունն ամեն ինչ անում էր, որ արգելակեր հայկական զինված ուժերի առաջընթացը, պահանջում էր ազատել գրավված տարածքները, իսկ ՌԴ-ն տակից սատարում էր «անջատողականներին»: Պատմությունը կրկնվում է, մեզ մնում է այնպես անել, որ կրկնվի ամբողջությամբ:

Հ.Գ. Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մարդա մի հարցի պիտի պատասխանեն՝ ինչո՞ւ մեկը Լևոնի հարցերը չլուծեց, իսկ մյուսը՝ Արմեն Սարգսյանի...