Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել


15:10 , 3 մարտ, 2020
Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլռեզա Մեսրիին:

Մեսրին կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել շփումները բնակչության հետ: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքը:

Վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 19-ից Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1501 դեպք, որից 66-ը՝ մահվան ելքով, 291 մարդ առողջացել է: Իրանի իշխանությունները կանխատեսել են վարակի հետագա տարածումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վարակից: