ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այն, որ կորոնավիրուսի համար կարանտինը Ծաղկաձորում անցկացնելու որոշման հետևանքով այնտեղ բոլոր հյուրանոցները դատարկ են, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դրա մասին արդեն խոսել է:
«Ովքեր շահագրգռված են, կարող են գնալ ու տեսնել, Ծառուկյանն առաջարկեց, որ ինքը մեքենան կտրամադրի: Այնտեղի մարդկանցից արդեն դժգոհություններ ենք ստացել, նամակներ են գրում, որ տուրիստները լքել են ու չեղարկել են ամրագրումները: Ծառուկյանն ի՞նչ շահ ունի ասելու մի բան, որն իրականությանը չհամապատասխանի: Ես էլ եմ առաջարկում, կարող եք մեկ-երկու լրագրողով գնալ ու տեսնել, թե ինչ իրավիճակ է: Սովորական օրերին Ծաղկաձորից Երևան տաքսիները 6-7 հազար դրամ են վերցնում, ՌԴ քաղաքացի նստել է տաքսի ու 25 հազար դրամ է տվել տաքսու վարորդին ու խնդրել, որ իրենց Ծաղկաձորից արագ հանի ու հասցնի Երևան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նա նշեց, որ «Իմ քայլի» պատգամավորները, նաև Առողջապահության նախարարը եղել են Ծաղկաձորում, ուստի ինքը չէ, որ պետք է նրանց ասի, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի կասկածանքով անձանց կարող էին տեղափոխել մեկ այլ վայր, այլ ոչ թե՝ Ծաղկաձոր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում