Հայկական ռոբոտն օգնում է երեխաներին հաղթել մենակությունն ու մեկուսացումը հիվանդանոցներում


02:43 , 2 մարտ, 2020

Ռոբինն ընկերական ռոբոտ է, որն արտահայտում է հույզերը և երեխաների հետ կառուցում է ինտերակտիվ երկխոսություններ: Նրանց ներգրավելով խաղերում և մանկական խոսակցություններում, Ռոբինը նվազեցնում է նրանց միայնության զգացումը և մեղմացնում է նրանց սթրեսը հիվանդանոցում գտնվելու ընթացքում:

Ռոբոտը ստեղծվել է Expper Technologies ընկերության կողմից և արդեն թեստավորում է անցել Wigmore կլինիկայում։ Ռոբոտի ստեղծողներն են Կարեն Խաչիկյանը, Արեգ Գասպարյանը, Դավիթ Մարտիրոսյանը, Հայկ Խորասաջյանը և Սամվել Գրիգորյանը։

Ռոբինի նպատակն է՝ աջակցել երեխաներին բժշկական բուժման ընթացքում և թեթևացնել նրանց ցավը` ստեղծելով դրական փորձառություններ: Հոսպիտալացված երեխաներն ունեն որոշակի հուզական կարիքներ, իսկ Ռոբինը նոր, անձնավորված ձևով է դիմում նրանց:

Ռոբինը գործում է արհեստական բանականության միջոցով։

«Հիվանդանոցում գտնվելը երեխաների համար սթրեսային է, քանի որ նրանք ենթարկվում են բացասական հուզական փորձի: Նրանք խոցելի են արտաքին ազդեցությունների համար և կարիք ունեն հուզական մակարդակի աջակցության:

Երեխաների հետ կապվելով բնական փոխազդեցությունների միջոցով՝    Ռոբինը հարմարվում է նրանց կարիքներին և օգնում հաղթահարել սթրեսը և անհանգստությունը: Ռոբինը փոխում է այն ձևը, որոնցով հիվանդանոցները հոգեբանական խնամք են ցուցաբերում երեխաներին»,- նշում են նախագծի հեղինակները։

Կախված տարիքից, բնավորությունից և վիճակից, երեխաները կարող են տարբեր ձևերով արձագանքել անծանոթ իրավիճակներին: Որոշ երեխաներ կարող են նույնիսկ չհասկանալ, թե ինչու են հիվանդանոցում: Սա կարող է հանգեցնել հոգեբանական տրավմայի։

Որպես ուղեկից՝ Ռոբինն օգնում է երեխաներին ավելի սահուն անցնել բուժման ընթացքը: Ռոբինի հետ նրանք բուժման ընթացքում իրենց ավելի հարմարավետ և ապահով են զգում:

Երեխաները հիվանդանոցում գտնվելու ընթացքում կարոտում են իրենց տունն ու ընկերներին։ Խաղերն օգնում են նրանց մոռանալ բացասական հույզերը և միտքը շեղել հիվանդությունից:

«Ես նրանց ներգրավում եմ տարբեր գործողություններում, պատմում եմ նրանց պատմություններ և խաղում ինտերակտիվ խաղեր: Այս գործողությունները դրականորեն շեղում են նրանց ցավից և սթրեսից: Նրանք այլևս իրենց միայնակ կամ տխուր չեն զգում»,- ասում է Ռոբինն ինքն իր մասին։

Հայկական ռոբոտն օրերս լավագույնն էր Product Hunt հարթակում՝ ճանաչվելով օրվա նախագիծ։