Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ռուսաստանի և Սիրիայի վրա


20:45 , 1 մարտ, 2020

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրեթ Քրամփ-Քարենբաուերը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի և Սիրիայի վրա ճնշումը Միացյալ Նահանգների և ԵՄ երկրների կողմից, հաղորդում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պետք է մեծացնեն ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի վրա՝ քաղաքական երկխոսության պայմաններ ստեղծելու և Սիրիայում պատերազմին վերջ տալու համար, հայտարարել է նախարարը:

Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում գնդակոծել են թուրք զինծառայողներին, ինչի հետևանքով նրանցից 33-ը զոհվել են, 30-ը  վիրավորվել: ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ սիրիական զորքերը Իդլիբի գոտում Բեհուն բնակավայրում գնդակոծել են ահաբեկիչներին:

Միևնույն ժամանակ, Բեհունում  են գտնվել նաև թուրք զինվորականներ, որոնք չպետք է այնտեղ լինեին: Ռուսական կողմն իր հերթին ձեռնարկել է համապարփակ միջոցներ՝ սիրիական զորքերի կողմից կրակի ամբողջական դադարեցման համար, ինչպես նաև ապահովել է զոհված և վիրավորված թուրք զինծառայողների տեղափոխումը Թուրքիայի տարածք: