Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը «ՁԻԱՀ-ի» կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ


12:30 , 29 փետրվար, 2020

Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը:

Իմ ունեցած տեղեկությամբ երեկ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ:

Բուժաշխատողների վրա նման ճնշումներ երբեք չեն եղել, և նման սպառնալիքներով երբեք չեն խոսել բուժաշխատողների հետ:

Մյուս կողմից՝ «աշխատանքի են լծվել» նախարարության քարոզիչները, մասնավորապես՝ սորոսական «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ փոխկապակցված քարոզիչները, ովքեր փորձում են էմոցիոնալ դաշտ տեղափոխել բուժաշխատողների արդարացի պահանջը և պայքարը:

Երեկ տված ասուլիսում ես ընդգծեցի, որ նման մոտեցում է լինելու, և կրկին կոչ եմ անում առողջապահության նախարարությանը զերծ մնալ նման գործելաոճից և քննարկումներ իրականացնել ՄԻԱՅՆ մասնագիտական դաշտում` մի կողմ դնելով սպառնալիքները, էմոցիոնալ գրառումները, շանտաժը և սեփական չհիմնավորված ամբիցիաները: