«Հայաստանի և Վրաստանի միջև առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ». Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը (Video)


20:44 , 28 փետրվար, 2020

Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ:

ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: