Որքան էլ Հայաստանն ու Արցախը լինեն հանդուրժող ու ժողովրդավարական, միևնույն է, միակողմանի գործողություններով որևէ արդյունքի հասնել անհնար է


17:11 , 28 փետրվար, 2020

Քանի կրքերը հանդարտվել են, ասեմ։

Հայ-ադրբեջանական քարոզչական դիմակայության պիկն անցանք, կարելի է հետևություններ անել։

Անշուշտ, Ադրբեջանի քարոզչական հարվածը մահացու չէր (և չէր կարող այդպիսին լինել՝ ըստ սահմանման), և նույնիսկ կարելի է նրա գործողությունները ժամանակի ընթացքում փաթեթավորել, ներկայացնել համապատասխան տեղ և ստիպել, որ Ադրբեջանը հատուցի «կերած բողկերի» համար։ Ի վերջո քաղաքականությունը հնարավորի արվեստն է, և այս կյանքում հնարավոր է ամեն ինչ, կարևորը նպատակադրումը լինի։

Բայց խոսքս այդ մասին չէ։ Խոսքս այն մասին է, որ փորձն էլ արդեն ցույց տվեց, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կողմերից յուրաքանչյուրը ստիպված է որդեգրել մի վարքագիծ (որքան էլ դա ցավալի է ու անցանկալի), որը մեծապես թելադրված է կոնտրագենտի վարքագծով, այլ ոչ սեփական ցանկությամբ կամ մղումներով։

Եվ ուրեմն՝ որքան էլ Հայաստանն ու Արցախն ունենան բարի նպատակադրումներ, լինեն հանդուրժող ու ժողովրդավարական, միևնույն է, միակողմանի գործողություններով որևէ արդյունքի հասնել անհնար է։ Անհրաժեշտ է գործել։ Գործել արդյունավետ։

Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է լինել պատրաստ, չվազել իրադարձությունից առաջ կամ հետևից, լինել պրոցեսի մեջ։ Երկրորդը՝ կլինեն դեպքեր, երբ անհրաժեշտություն կառաջանա համախմբելու հասարակության բոլոր ուժերը։ Պետք չէ խրտնել։

Եվ ամենակարևորը՝ մեր հասարակությունը (որքան էլ մեզ ձև տանք, թե նման բան չկա) խիստ բևեռացված է։ Եվ հասկանալով, որ ներքաղաքական հարցերով դիալոգն այսօր գործնականում անհնար է, գոնե արտաքին քաղաքական մարտահրավերները պետք է օգտագործել՝ համագործակցելու, խոսելու համար, որպեսզի թե՛ մեր, թե՛ հակառակորդ, թե՛ միջազգային հանրությանը ցույց տանք, թե մեր երկփեղկվածությունը մինչև որտեղ է, և որտեղ չեք կարող կասկածել մեր միասնության վրա։

Վստահեցնում եմ՝ հենց այդ կարմիր գծերը պարզ լինեն, առաջին հերթին՝ հակառակորդին, մեր անվտանգության մակարդակն էապես կբարելավվի։