Աշխարհում ուլտրահարուստների թիվը մեկով պակասել է


03:49 , 27 փետրվար, 2020

Louis Vuitton Moët Hennessy (LVMH) նորաձևության տան սեփականատիրոջ և Եվրոպայի ամենահարուստ մարդու՝ Բեռնար Առնոյի կարողությունը կորոնավիրուսի պատճառով շուկաների անկման ֆոնին իջել է 100 միլիարդ դոլարից ցածր մակարդակի: Այսպիսով, ըստ Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի, աշխարհի երեք ուլտրահարուստներից մեկն «անհետացել է»:

2020 թ.-ի փետրվարի 26-ի դրությամբ Առնոյի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 98.3 միլիարդ դոլար: Նրանից առաջ են անցել Amazon-ի հիմնադիր և մոլորակի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսը՝ 120.9 միլիարդ դոլար կարողությամբ և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 109.7 միլիարդ դոլար կարողությամբ: Եվրոպայի ամենահարուստ մարդը միլիարդատերերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը:

2019-ի հունիսին Առնոն դարձավ պատմության մեջ երրորդ մարդը, որի կարողությունը հասավ 100 միլիարդ դոլարի: Դեկտեմբերին նա մի քանի րոպե առաջ էր անցել Բեզոսից և Գեյթսից և առաջին անգամ դարձել մոլորակի ամենահարուստ մարդը: 2020 թ.-ի հունվարին Առնոյին կրկին հաջողվեց գրավել Forbes-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղը, բայց մի քանի օրվա ընթացքում նա զիջեց դիրքերը:

Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում աղքատացան 139 միլիարդ դոլարով՝ կորոնավիրուսի պատճառով ֆոնդային բորսաներում ինդեքսների անկման ֆոնին: Ինչպես գրել է Bloomberg-ը, ամենամեծ հարվածը հասցվել է լյուքս դասի ապրանքների արտադրողներին, որոնցից է նաև LVMH-ը: Պատճառն այն է, որ այս դասի ապրանքների համար համաշխարհային շուկայի 40 տոկոսը բաժին է հասնում Չինաստանին: