Մենք տեղյակ ենք եղել պաստառի գոյության մասին,1991-ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված «Այո»֊ի նկարազարդումը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր.«Այո»-ի բրենդինգը հաղթած ընկերության պարզաբանումը


01:28 , 27 փետրվար, 2020
Հարգելի հայրենակիցներ, ստորև պարզաբանում եմ ստեղծված իրավիճակը։ Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի "Երեկոյան Երևան" թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, "Այո՛"-ի ոգին։ "Գարուն" - ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է "Այո՛" արշավի լոգոտիպի։ Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ "Գարուն" - ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։
Հարգելով Նիկոլայ Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք "Այո՛" շտաբի որոշմանը։ "Գարուն" գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ "Այո՛" արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին։
Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների և սատարման համար։