Թարմ տվյալներ կորոնավիրուսի վերաբերյալ. որքան զոհ ու վարակված կա այս պահին աշխարհում


18:30 , 26 փետրվար, 2020

Այսօրվա՝ փետրվարի 26-ի տվյալներով աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային հատվածի, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 2,903-ի՝ մեկ օրում ավելանալով 465-ով: Այս մասին հայտնում է հոնկկոնգյան South China Morning Pist պարբերականը:

Ըստ պարբերականի հրապարակած տվյալների՝ կորոնավիրուսի զոհերի թիվը վերջին մեկ օրում 37-ից հասել է 49-ի. 16 մարդ մահացել է Իրանում, 12-ը՝ Հարավային Կորեայում, 11-ը՝ Իտալիայում, 5-ը՝ Ճապոնիայում, 2-ը՝ Հոնգկոնգում, և մեկական զոհեր կան Ֆրանսիայում, Թայվանում ու Ֆիլիպիններում:

Ամենաշատ թվով հիվանդներ կան Հարավային Կորեայի տարածքում՝ 1,146 հոգի, Ճապոնիայում՝ 850, Իտալիայում՝ 323, Իրանում՝ 95, Սինգապուրում՝ 91, Հոնգկոնգում՝ 85, ԱՄՆ-ում՝ 53, Թաիլանդում՝ 37, Թայվանում՝ 31, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում՝ 18, Վիետնամում՝ 16, Ֆրանսիայում՝ 14, Մեծ Բրիտանիայում՝ 13, Կանադայում՝ 10:

Պակաս, քան 10 դեպք է գրանցվել համապատասխանաբար Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Քուվեյթում, Բահրեյնում, Իսպանիայում, Օմանում, Ռուսաստանում, Ավստրիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Շրի Լանկայում, Շվեդիայում, Խորվաթիայում և Շվեյցարիայում:

Իսկ ահա Չինաստանում վերջին օրվա ընթացքում 406 նոր հիվանդ է ի հայտ եկել: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը հասնում է 2,715-ի, իսկ վարակվածներինը՝ 78,064-ի: Հուբեյի շրջանում դեկտեմբերից ի վեր մահացել է 2,615 մարդ, վարակվել է 65,187-ը: 20,9 հազար մարդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցից:

Չինաստանում այս պահի դրությամբ բուժում է անցնում 45,6 հազար մարդ, իսկ 8,7 հազարի վիճակը ծանր է համարվում: Միաժամանակ 29,7 հազար մարդ արդեն առողջացել է: