ԱՄՆ-ը եւ թալիբները «բավական մոտ են» համաձայնագրի ստորագրմանը․ Թրամփ


02:45 , 26 փետրվար, 2020

Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ-ը եւ թալիբները «բավական մոտ են» Աֆղանստանում պատերազմի պաշտոնապես դադարեցման համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Bloomberg-ը։

«Մենք բավական մոտ ենք,- լրագրողներին Նյու Դելիում ասել է Թրամփը,- Մենք երկու օր ունենք առանց բռնության կամ նվազագույն բռնության։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հուսով է մինչեւ 8600 մարդ կրճատել իր ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում։ ԱՄՆ-ի եւ թալիբների առաջնորդները մտադիր են խաղաղ համաձայնագիրը ստորագրել փետրվարի 29-ին՝ պայմանով, որ բռնության շաբաթական կրճատումը, որը սկսվել է անցյալ շաբաթ, կմնա ուժի մեջ։ Թրամփը սեպտեմբերին հրաժարվել էր թալիբների հետ խաղաղ բանակցություններից Քեմփ Դեւիդում՝ այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորը սպանվել էր մահապարտի պայթյունի հետեւանքով։

Երկարատեւ խաղաղ համաձայնագրի հեռանկարները դեռեւս փխրուն են։ Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը նախագահ Աշրաֆ Հանիին հայտարարել է նախագահական ընտրությունների հաղթող՝ չնայած ամիսներ տեւած վերահաշվարկներին, որոնք մթագնեցին ընտությունները։ Հանիի մրցակից, ընդդիմության առաջնորդ Աբդուլլա Աբդուլլան հայտարարել է իր հաղթանակի մասին՝ կասկածի տակ դնելով կառավարության լեգիտիմությունը եւ, հնարավոր է, սահմանափակելով թալիբների հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նրա ունակությունը։

Ներկայում Աֆղանստանում կա 13 000 ամերիկյան զինվորական, եւ վարչակազմն ասում է, թե նրանց դուրս կբերի միայն եթե թալիբները կատարեն որոշակի պայմաններ։