Մի քանի կարևոր, պարզ և հանրամատչելի խորհուրդներ/քայլեր կորոնավիրուսով վարակվելուց զերծ մնալու համար


12:23 , 24 փետրվար, 2020

Որոշեցի վստահելի աղբյուրներից հավաքագրել այս պահին առկա մի քանի կարևոր, պարզ և հանրամատչելի խորհուրդներ/քայլեր: Ամենավերջում ներկայացրել եմ նաև վիրուսի մասին մի քանի փաստ․

 Խուսափեք սուր շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, պահպանեք «սոցիալական հեռավորությունը» (social distancing)։

Պահպանեք առնվազն 1 մետր (3 ոտնաչափ) հեռավորություն Ձեր և այլ մարդկանց միջև, հատկապես նրանց, որոնք հազում են, փռշտում կամ բարձր ջերմություն ունեն:

Ինչո՞ւ: Երբ վիրուսով վարակված անձը հազում կամ փռշտում է, «արտանետում» է վիրուս պարունակող փոքրիկ կաթիլներ: Եթե շատ մոտ եք, կարող եք վարակվել:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ օտարերկրացիներ տեսնելով չվազել աջ և ձախ՝ կորցնելով ինքներդ ձեզ:

 Հաճախակի լվացեք Ձեր ձեռքերը, հատկապես հիվանդ մարդկանց հետ շփումից և նրանց միջավայրում գտնվելուց հետո

Ինչո՞ւ: Ձեռքերն օճառով և ջրով լվանալը կամ ալկոհոլային հիմքով քսուքներով շփելը ոչնչացնում է վիրուսը, եթե այն ձեր ձեռքերում է:

 Պահպանեք շնչառական հիգիենան(respiratory hygiene)

Հազալիս կամ փռշտալիս ծածկեք բերանը և քիթը ծալած արմունկով կամ անձեռոցիկով: Անձեռոցիկն անմիջապես նետեք փակ աղբամանի մեջ և ձեռքերը մաքրեք ալկոհոլի հիմքով ձեռքի քսուքով կամ լվանալ օճառով և ջրով:
Ինչո՞ւ: Հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը ծածկելը կանխում է մանրէների և վիրուսների տարածումը: Եթե փռշտում կամ հազում եք Ձեր ձեռքերի մեջ, կարող եք «աղտոտել» առարկաները կամ մարդկանց, որոնց դիպչում եք:

 Խուսափեք աչքերին, քթին և բերանին դիպչելուց

Ինչո՞ւ: Ձեռքերը դիպչում են բազմաթիվ մակերեսների, որոնք կարող են աղտոտված լինել վիրուսով: Եթե աղտոտված ձեռքերով դիպչեք ձեր աչքերին, քթին կամ բերանին, կարող եք վիրուսը մակերեսից փոխանցել ինքներդ ձեզ:

 Եթե ունեք ջերմություն, հազ և շնչառության դժվարություն, անհապաղ դիմեք բժշկի

Տեղեկացրեք բուժաշխատողին, եթե եղել եք Չինաստանի այն տարածաշրջաններում, որտեղ հաղորդվել են կորոնավիրուսի դեպքեր, կամ եթե սերտ շփման մեջ եք եղել նման մարկանց հետ, որոնք ունեն/ունեցել են շնչառական ախտանիշներ:

ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ: Մի տանջեք, ստիպեք անհարկի հետազոտություններ անել, մի բարդացրեք իրավիճակը կամ ստեք:

 Որպես նախազգուշացում. կիրառեք հիգիենայի ընդհանուր կանոնները մսի, կենդանական արտադրանքի շուկաներ այցելելիս:

 Լվացեք ձեքերը կենդանիներին և կենդանական ապրանքներին հպվելուց հետո: Հատկապես խուսափեք շուկայում այլ կենդանիների հետ շփումից (օրինակ՝ թափառող կատուներն ու շները, կրծողները, թռչունները):

 Մի օգտագործեք հում կամ կիսաեփ կենդանական մթերքներ:

Մի քանի կարճ փաստ.

1. Չինաստանից ապրանքներ ստանալն անվտանգ է:
2. Ամբողջ մարմինն ակլոհոլային սփրեյով պատելն իմաստ չունի:
3. Փաստեր չկան այն մասին, որ ՏՆԱՅԻՆ կենդանիները վարակվում կամ տարածում են կորոնավիրուս: Ամեն դեպքում կոնտակտից հետո լվացվելը չի խանգարի:
4. Փաստեր չկան, որ սխտոր ուտելով չեք վարակվի կորոնավիրուսով:
5. Բոլոր տարիքի անձինք կարող են վարակվել կորոնավիրուսով:
6. ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔՈՒՄ, այդ թվում՝ կորոնավիրուսի:
7. Այս պահի դրությամբ չկան որոշակի դեղեր, որոնք խմելով կկանխարգելեք կորոնավիրուսը:

Աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

#Կորոնավիրուս #Coronavirus #COVID19