Տնտեսական աճը 8 տոկոսի չձգեց. Վարչապետի սպասումները չարդարացան


04:30 , 24 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի վերաբերյալ վարչապետի սպասումները, կարելի է ասել, չարդարացան։ Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր 8, եթե չասենք՝ 8,2 տոկոս աճի մասին։ Իհարկե, 8,2 տոկոսը փորձագետների գնահատականն էր, որը շտապել էր հրապարակել վարչապետը։ Բայց սխալվեցին՝ ինչպես փորձագետները, այնպես էլ՝ վարչապետը։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը։ Իհարկե, այն դեռ նախնական է, և հնարավոր է՝ կրկին փոխվի. Վիճակագրական կոմիտեն նման սովորություն ունի՝ հրապարակում է, իսկ հետո ժամանակ առ ժամանակ՝ վերանայում։

Ամեն դեպքում, հրապարակված ցուցանիշի համաձայն, Հայաստանի անցած տարվա տնտեսական աճը կազմել է 7,6 տոկոս։ Սա ավելի ցածր է, քան ակնկալվում էր։ Տնտեսական աճն 8 տոկոսի չձգեց, չնայած Վիճակագրական կոմիտեն մի քանի անգամ վերանայեց և բարձրացրեց  եռամսյակային ցուցանիշները։

Դժվար է ասել՝ 7,6 տոկոսը վարչապետը հեղափոխակա՞ն ցուցանիշ է համարում, թե՞ ոչ, բայց այն շատ չի տարբերվում նաև «հեղափոխությանը» նախորդած տարվա արդյունքներից։

Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվել էր 7,5 տոկոս տնտեսական աճ։ Հեղափոխական տնտեսության առավելությունն ընդամենը 0,1 տոկոս է։

Աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է երրորդ եռամսյակում՝ 8,23 տոկոս։ Իհարկե, վերանայումից հետո։ Ի սկզբանե Վիճակագրական կոմիտեն երրորդ եռամսյակում գրանցել էր 7,9 տոկոսանոց աճ։ Վերանայումից հետո այն բարձրացվել է ևս 0,33 տոկոսային կետով։ Այնպես, ինչպես վերանայվել էին առաջին երկու եռամսյակների ցուցանիշները։

Վերանայումից հետո առաջին եռամսյակի տնտեսական աճը 7,1-ից հասավ նախ՝ 7,2, իսկ այնուհետև՝ 7,5 տոկոսի, իսկ երկրորդինը՝ 6,5-ից՝ 6,9 տոկոսի։ Երկու դեպքում էլ աճի ցուցանիշը 0,4 տոկոսային կետով բարձրացվեց։

Եթե հաշվի առնենք, որ երրորդ եռամսյակի վերանայումն էլ կազմել է 0,33 տոկոսային կետ, ապա կստացվի, որ 7,6 տոկոս տնտեսական աճի մեջ առնվազն 1,1 տոկոսը ստացվել է ցուցանիշների վերանայման արդյունքում։

Անկախ ամեն ինչից՝ ունենք տնտեսական աճի բավական բարձր մակարդակ։ Սակայն միայն դա շատ քիչ է տնտեսության զարգացումները գնահատելու համար։ Կան շատ ավելի կարևոր ցուցանիշներ, որոնք թույլ են տալիս բնութագրել տնտեսության աճի որակը։

Ցավոք, տնտեսության աճը որակ չունի։ Արձանագրված անգամ 7,6 տոկոս աճի պայմաններում ավելի շատ պետք է մտահոգվել, քան թե ոգևորվել։ Մտահոգիչ է տնտեսական աճի կառուցվածքը։

Համախառն ներքին արդյունքի ավելացմանն ամենամեծ նպաստը բերել են ծառայություններն ու առևտուրը։ Այս երկու ոլորտները ՀՆԱ հավելաճին նպաստել են 5,3 տոկոսային կետով։ Պատկերացնում եք՝ 7,6-ից՝ 5,3 տոկոսը։

Իսկ թե ինչի հաշվին են ավելացել առևտուրն ու ծառայությունները, հայտնի բան է. ծառայությունների ոլորտում գնալով մեծանում է խաղային բիզնեսի դերը։ Այն այլևս առաջ է անցել նույնիսկ ֆինանսական հատվածից։ Ծառայություններն այն միակ ոլորտն է, որտեղ անցած տարի երկնիշ աճ է գրանցվել։

Ինչ մնում է առևտրին, ապա պատկերն այստեղ հաստատ այնպիսին չէ, ինչպիսին վիճակագրական աճերն են։ Դրանք ներառում են նաև շրջանառությունների նախկինում չերևացող հատվածները։ Իրականում առևտրի ոլորտում մեծ աճեր չկան։ Հասկանալի պատճառներով՝ չէին էլ կարող լինել։ Հասարակության եկամուտների աճն այնպիսին չէ, որը կարող էր նպաստել սպառման կամ առևտրի գրեթե 9 տոկոսանոց ավելացմանը։

Ի տարբերություն առևտրի և ծառայությունների, տնտեսության իրական հատվածի ազդեցությունը տնտեսական աճի գործում անհամեմատ ավելի փոքր է։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է ընդամենը 1,8 տոկոսային կետով՝ ներառված նաև էներգետիկան։ Ճիշտ է, տարեսկզբի համեմատ՝ տնտեսական աճի կառուցվածքում արդյունաբերության կշիռը տարեվերջին ավելացել է, բայց դրանում մեծ է եղել հատկապես հանքարդյունաբերության դերը։

Հիշեցնենք, որ տարեսկզբի անկումից հետո տարեվերջին տնտեսության այդ ճյուղում արձանագրվեց 24 տոկոսին մոտ աճ։

Տնտեսության մյուս առանցքային ճյուղը՝ ի դեմս շինարարության, ՀՆԱ հավելաճին նպաստել է ընդամենը 0,3 տոկոսային կետով։ Գյուղատնտեսությունն ընդհանրապես ունեցել է բացասական մասնակցություն։ Թեև այլ բան չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ երկրորդ տարին անընդմեջ այստեղ անկում է արձանագրվում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը կառավարության գերակա ճյուղերից մեկն է։

Ահա սա է Հայաստանի տնտեսության աճի որակը։ Այն մեծապես նստած է առևտրի և ծառայությունների վրա։ Այնինչ՝ առևտրի և ծառայությունների հույսին տնտեսություն չեն կառուցում։ Դրանք ժամանակավոր աճեր են, որոնք այսօր կան, վաղը կարող են չլինել։ Հայաստանին որակյալ և առաջին հերթին՝ տնտեսության իրական հատվածի վրա հիմնված աճ է անհրաժեշտ։ Այլապես այսպիսի, անգամ երկնիշ աճով, հեռուն չենք գնա, ոչ էլ հասարակության վիճակը կլավանա։ Պատահական չէ, որ աշխատավարձերի աճը շատ ավելի քիչ է, քան տնտեսությանը։ Տնտեսական հատվածում միջին աշխատավարձն անցած տարի ավելացել է ընդամենը 3,8 տոկոսով՝ կրկնակի քիչ, քան տնտեսության աճն է։

Այնպես որ, պետք չի շատ ոգևորվել արձանագրված աճի 7,6 տոկոս ցուցանիշով։ Դա այն չէ, ինչ հարկավոր է Հայաստանի տնտեսությանը։ Շատ ավելի կարևորը է տնտեսության աճի կառուցվածքը, որտեղ տեսանելի փոփոխություններ չկան։ Առաջնային են մնում խաղային բիզնեսը, հանքարդյունաբերությունը, շինարարության առանձին հատվածները։ Անցած տարի դրանց միացավ նաև ավտոմեքենաների ներմուծումը, ինչը իր, այսպես կոչված, «տոքսիկ» բնույթով հանդերձ՝ խթանող ազդեցություն թողեց տնտեսության վրա։ Բայց դա կարճատև էֆեկտ է, որի վրա չի կարելի հույսեր դնել։

Հայաստանի տնտեսությանն իրական ծրագրերի վրա հիմնված աճեր են պետք՝ երկարաժամկետ ու կայուն զարգացում ապահովելու համար։ Թե չէ, այսպիսի աճերը մեծ բան չեն տալու։ Հատկապես որ, այդ ամենի մեջ մեծ է վիճակագրական աճերի բաժինը՝ դրանք իրականում ոչինչ չեն ավելացնում տնտեսական զարգացումներին, բայց փոխում են ցուցանիշները։