Չինաստանում ավտոմեքենաների վաճառքները 92 տոկոսով ընկել են կորոնավիրուսի պատճառով


22:11 , 21 փետրվար, 2020

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով փետրվարի առաջին երկու շաբաթներին մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքները տարեկան արտահայտությամբ ընկել են 92 տոկոսով: Այդ մասին վկայում են Մարդատար ավտոմեքենաների չինական ասոցիացիայի (China Passenger Car Association, CPCA) տվյալները՝ տեղեկացնում է Interfax-ը։

Ամսվա առաջին շաբաթում անկումը հասել է 96 տոկոսի: Այդ ժամանակաշրջանում վաճառքները կազմել են օրական միջին հաշվով 811 ավտոմեքենա:

CPCA-ի ղեկավար Ցույ Դունշուն պահանջարկի անկումը բացատրել է այն բանով, որ փետրվարի առաջին շաբաթում «շատ մարդիկ մնում էին տանը»: Դիլերներն աշխատանքը վերսկսել են ամսվա երկրորդ շաբաթում, երբ վաճառքները միջին հաշվով հասել են օրական 4098 ավտոմեքենայի, ինչը 89 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:

Չինաստանում վաճառքների անկումն ընթացիկ տարում սպասվում էր դեռ կորոնավիրուսի բռնկումից առաջ տնտեսության աճի դանդաղեցման և առևտրի լարվածության պատճառով: Վաճառքների նվազում էր դիտվում նախորդ երկու տարվա ընթացքում։