Ոստիկանապետությո՞ւն «կանխարգելիչ»-ի անվան տա՞կ


21:07 , 21 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Հանրայինին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի ասած մի նախադասություն գրավեց մեր ուշադրությունը․ «Այո, նրանք քաղաքացի են, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքացիները կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն, և ի վերջո, գործել նաև ծայրահեղական տրամաբանության մեջ։ Քրեական ենթամշակույթի քարոզմամբ։ Իրավապահ մարմիններն ունեն ծայրահեղականացումը, բռնությունը կանխարգելելու և նախականխարգելելու գործառույթ։ Եվ էնտեղ, որտեղ կունենան օպերատիվ տեղեկատվություն, որ կարող են լինել էդպիսի երևույթներ, պետք ա լինեն էդպիսի երևույթներ։ Ինչի՞, որ Նաիրի Հունանյանին 2 անգամ տարած լինեին, բերման ենթարկած լինեին, դրա արդյունքն ավելի լավ կլինե՞ր, թե ավելի վատ»։

Մեզ թվաց նախադասությունը Հայաստանում ոստիկանական պետություն հաստատելու համար հող նախապատրաստելուն է ուղղված։ Ի՞նչ է նշանակում այս «կանխարգելիչ» տրամաբանությունը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ՝ սրա տակ կարելի է հասկանալ ամեն ինչ ու նաև՝ սպասել ամեն ինչ։ «Ես մի քանի անգամ կրկնել եմ՝ Հայաստանում տեղի է ունենում իշխանության ուզուրպացիա, և թե՛ իշխանության ուզուրպացիայի ճանապարհին, թե՛ դրանից հետո ամեն ինչ կարելի է սպասել։ Վատը այդ անկանխատեսելությունն է»,-ասում է նա։ 

Իսկ վարչապետի ասածները նրա համար շատ  բարդ է մեկնաբանել, հատկապես իրավական առումով։ «Ցավալին էն է, որ վարչապետը հաստատեց, որ ոստիկանությունն, ըստ էության, գործել է իր հրահանգով, ինչը ակնհայտ էր, ու գործողությունն էլ կապված է եղել քաղաքական հակառակորդներին որևէ ձևով ճնշելու հետ», -ասում է Վարոսյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բերած օրինակին, ապա նա ասում է՝ ի՞նչ Նաիրի Հունանյան, ի՞նչ Նաիրի Հունանյանյանին ստուգել։ «Հայաստանում ահաբեկչական ակտ է կազմակերպվում ու ոստիկանությունն ընդամենը շոու է անու՞մ՝ 3 ժամով մարդկանց բերման ենթարկելով։ Էդ նշանակում է՝ փակեք էդ ոստիկանությունը»։ Եթե իրոք ահաբեկչություն է նախապատրաստվում, ապա մի քանի ժամով ցուցադրաբար բերման ենթարկելը ոչ մի կանխարգելիչ գործողություն էլ չի։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ այս նախադասությունը որևէ կապ չունի իրականության հետ։ Նախ, որովհետև այն անձինք, որոնք կարող են ահաբեկչություն իրականացնել, զենքերը չեն պահում տանը կամ ավտոմեքենայում, որ գան ստուգեն ու այնտեղ զենք հայտնաբերեն։ Երկրորդ․ ոստիկանության կողմից բերման են ենթարկվում մարդիկ, որոնք ընդհանրապես զենքի հետ չեն առնչվում, այլ Նիկոլ Փաշինյանին խիստ քննադատողներն են։ «Եվ երրորդ․ սրանով փաստացի փորձ է կատարվում ոչ միայն արդարացնել մարդկանց բերման ենթարկելը, ժողովրդական լեզվով՝ սա տակից դուրս գալու փորձ է։ Եվ երբ երկրի ղեկավարը՝ սուպերվարչապետը այդպիսի հայտարարություն է անում, դա կարող է ընկալվել որպես հրահանգ՝ շարունակելու էդ գործալոճը, իսկ դա արդեն կարող է բերել ոստիկանապետության, որի վտանգի մասին հարցնում եք»,-ասաց Արմեն Բադալյանը։ Իսկ Նաիրի Հունանյանի օրինակի վրա Բադալյանը ծիծաղում է, բայց ասում է, որ ստացվում է՝ Քոչարյանի ժամանակ մի իսկական թավիշ ու մեղմ համակարգ է եղել, մարդկանց հեչ չեն ստուգել։ 

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյան․ «Ես անընդհատ ու ապարդյուն հորդոր եմ հնչեցնում, որ վարչապետը փոխի բառապաշարը, հռետորաբանությունը։ Եվ  մանավանդ այն դեպքերում, երբ իր ասածները  բազմիմաստ են դարձնում իր այս կամ այն արտահայտած միտքը։ Եվ իր բազմիմաստ ձևակերպումներն էլ չէի ասի, որ լավ իմաստ ունեն։ Իր այդ զգուշացումները, նախազգուշացումները հարիր չեն ժողովրդավարական ճանապարհ բռնած պետության ղեկավարի համար։ Հատկապես իր այդ հանրահայտ «ասֆալտն» ու «պատը» դրանք բերում են ռեալ ու ոչ համաչափ գործողությունների, նախ՝ պետական մարմինների, բայց ավելի վատ՝ ժողովրդի մոտ»։