«Մյունխենյան շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը». Արմեն Աշոտյան


18:51 , 21 փետրվար, 2020

Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը՝ Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը․

1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տևող ադրբեջանական ջանքերին Արցախի հարցը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:

2. Տվյալ հանդիպումը հրամցնել որպես Արցախյան բանակցությունների բովանդակության հանրայնացում, իրազեկում և թափանցիկություն զավեշտալի է, որովհետև Փաշինյանի և Ալիևի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին:

3. Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ:

4. Մյունխենը ոչ միայն չնպաստեց խնդրի կարգավորման շուրջ կոնստրուկտիվ մթնոլորտի ամրապնդմանը, այլև Ալիևին հրապարակային հարթակ տվեց առավել ծայրահեղական դիրքորոշումների առաջխաղացման և լեգիտիմացման համար:

5. Իմիջային կորուստները՝ կապված ադրբեջանցիների անպատասխան անվայելուչ պահվածքի, Փաշինյանի վատ անգլերենի և այլնի հետ, նույնպես մեզ միավորներ չեն բերել:

Սա դեռ միայն այն մասն է, որ կարելի է հրապարակավ ներկայացնել՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից անտեսված, բայց ադրբեջանական կողմից ինտենսիվ վարվող քարոզչական պատերազմը մեր դեմ: