11:40 , 13 հուլիս, 2013
1880-ական թթ. կեսերից ազգային-ազատագրական պայքարի ասպարեզ մտան հայ ազգային-քաղաքական կուսակցությունները եւ իրենց ձեռքը վերցրին ազատագրական շարժման ղեկավարությունը:
1885թ. Վանում Մ. Ավետիսյանի (Թերլեմեզյան) գլխավորությամբ ստեղծվեց Արմենական կուսակցությունը: Այն իր անունը ստացավ Ֆրանսիայի Մարսել քաղաքում հրատարակվող «Արմենիա» թերթի անունից, որովհետեւ հետեւում էր նրա քարոզած գաղափարներին: Արմենականները խնդիր դրեցին ընդհանուր ապստամբության միջոցով հասնել արեւմտահայության ինքնավարությանը: Նրանց կարծիքով միայն ընդհանուր ապստամբության միջոցով կարելի էր հասնել հաջողության, որի համար անհրաժեշտ էին նկատում բարձրացնել ժողովրդի գիտակցականը, զինակրթել նրան, զինվորական խմբեր ստեղծել, զենք կուտակել եւ այլն: Արմենականները մերժում էին ֆիդայական կռիվները, փոքրիկ ապստամբությունները, ահաբեկչությունը` դրանք համարելով վնասակար ազատագրական ուժերի համար: Արմենականները սկսեցին զենք ներկրել Արեւմտյան Հայաստան: Այնուամենայնիվ, արեւմտահայության ծանր վիճակը նրանց երբեմն դրդում էր թուրք ու քուրդ ոճրագործների նկատմամբ դիմել պատժիչ քայլերի:
1887թ. Ժնեւում Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (Նազարբեկյան), Ռուբեն Խանազատը եւ ուրիշներ հիմնադրեցին Հնչակյան կուսակցությունը (1909թ. ստացավ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան անունը): Կուսակցությունը իր ծրագրում թուրքական լուծը համարելով քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման արգելք, գտնում էր, որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը մեկընդմիշտ պետք է բաժանել թուրքական կայսրության ճակատագրից եւ ձեռք բերել ազգային անկախություն: Նպատակին հասնելու միակ միջոց էր ճանաչվում ընդհանուր ապստամբությունը: Առաջադրելով ընդհանուր ապստամբությանը նախապատրաստվելու գաղափարը՝ Հնչակյան կուսակցությունը գործունեության միջոցներ էր ընտրում ահաբեկչությունը, ֆիդայական խմբերի ստեղծումը, կուսակցության գաղափարների քարոզչությունը եւ հեղափոխական կազմակերպությունների ստեղծումը: Կուսակցությունը գտնում էր, որ արեւմտահայության անկախությանը չի կարելի հասնել արտաքին ուժերի միջոցով, այլ դա կարելի է կատարել միայն ներսից: Հնչակյանները նկատում էին, որ եվրոպական տերությունների միջամտությանը սպասելու եւ ձեռքերը ծալելու դեպքում հայ ժողովուրդն ավելի մեծ դժբախտությունների կմատնվի: 1890-ական թթ. առաջին կեսին այն հանդիսանում էր ազատագրական շարժման առաջամարտիկը:
1890թ. ամռանը Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի, Ռոստոմի (Ստեփան Զորյան) եւ այլոց գլխավորությամբ ստեղծվեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ): 1892թ. ընդունված կուսակցության առաջին ծրագիրը նպատակ էր դնում ապստամբության միջոցով Արեւմտահայաստանում ձեռք բերել քաղաքական եւ տնտեսական ազատություն: Նկատելի է, որ ՀՅԴ-ն Արեւմտյան Հայաստանի լիակատար ազատագրության, անկախության պահանջ չէր առաջադրում: Խոսքը գնում էր Արեւմտյան Հայաստանի քաղաքական-դեմոկրատական ինքնավարության մասին: Դա ամենեւին չի նշանակում, թե Դաշնակցությունը մերժում էր անկախության գաղափարը: Պարզապես նա ցուցաբերում էր իրատեսական մոտեցում հայ ժողովրդի դրության գնահատման հարցում եւ չէր առաջադրում անկախության հարցն այն պատճառով, որպեսզի հայկական տարածքներում ապրող մահմեդականության հոծ զանգվածներին չգրգռեր հայության դեմ: Դաշնակցությունը խնդիր էր դնում գաղափարապես, ռազմականապես եւ կազմակերպորեն զորեղանալ, ինչպես նաեւ զինված պայքար մղել թուրքական կառավարության եւ ամեն կարգի հարստահարիչների դեմ, պաշտպանել ժողովրդին ավազակային հարձակումներից: ՀՅԴ-ն թուրքական բռնապետության դեմ ուղղված ազգային-ազատագրական պայքարի նպատակահարմար եւ հիմնական ձեւ էր ճանաչում ֆիդայական-պարտիզանական պատերազմը: Արեւմտյան Հայաստանում նրա տարածումից հետո հնարավոր էր համարվում նաեւ ընդհանուր ապստամբությունը: ՀՅԴ-ն օտարի վրա հույս դնելը համարում էր անիրական եւ առաջ էր քաշում սեփական ուժերով հայության իրավունքների, կյանքի, ընտանիքի եւ պատվի պաշտպանության անհրաժեշտությունը: 1890-ական թթ. երկրորդ կեսից Դաշնակցությունը դարձավ հայ ազգային-ազատագրական շարժման առաջատար, ամենաազդեցիկ ուժը:
Ազգային կուսակցությունները իրենց գոյության առաջին օրերից, հատկապես Արեւմտյան Հայաստանում, ծավալեցին ակտիվ կազմակերպական, քարոզչական ու զինական գործունեություն: Հնչակյան կուսակցությունը 1890թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում, որտեղ գտնվում էր հայոց մայր եկեղեցին եւ առաջնորդարանը, կազմակերպեցին խոշոր ցույց՝ նպատակ ունենալով Հայկական հարցի վրա հրավիրել եվրոպական տերությունների ուշադրությունը եւ հասնել բարենորոգումների գործադրմանը: Հնչակյանները ղեկավար մասնակցություն ունեցան Սասունի 1894թ. եւ Զեյթունի 1895-1896թթ. ապստամբություններին: Արմենական կուսակցությունը գլխավորեց Վանի 1896թ. հունիսյան ինքնապաշտպանությունը՝ նպատակ ունենալով փրկել տեղի հայությանը Արեւմտահայաստանում մոլեգնող հայկական ջարդերի ալիքից: Դաշնակցությունը, ի պատասխան թուրքական բռնապետության կողմից արեւմտահայության ջարդերի, 1896թ. օգոստոսի 14-ին 26 հոգանոց խմբով գրավեց Կ. Պոլսի Օսմանյան բանկը, 1897թ. հուլիսի 25-ին իրականացրեց Խանասորի պատժիչ արշավանքը քրդական մազրիկ ցեղի դեմ, որը կոտորել էր Վանի 1896թ. հերոսամարտի դադարեցումից հետո Պարսկաստան հեռացող հիմնականում անզեն հարյուրավոր հայ երիտասարդների: Արեւմտահայությանը պաշտպանելու նպատակով Դաշնակցությունը Արեւմտյան Հայաստան ուղարկեց բազմաթիվ արշավախմբեր եւ զինատար խմբեր:
Ցավալիորեն, մեկ ընդհանուր նպատակ հետապնդող հայ ազգային կուսակցությունները չկարողացան մի կողմ թողնել նեղ կուսակցական տարաձայնությունները, միավորել իրենց ուժերն ընդդեմ թուրքական բռնապետության, որը կմեծացներ հաջողության հասնելու հավանականությունը: