Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը


18:45 , 21 փետրվար, 2020

Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում սույն թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը։ Ներկա էին հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչներ ինչպես Ֆրեզնոյից, այնպես և Լոս Անջելեսից։

Սարոյանի տուն-թանգարանի անձնակազմը երկար ամիսների հետևողական և մանրամասն աշխատանքներ իրականացնելուց հետո հաջողեց ներկայացնել Սարոյանի կերպարն իր երեք տարիքներում։ Դերասանների ընտրությունը նույնպես պատահական չէր․ Սարոյանի թիմը փորձել էր լուսանկարների և արխիվային նյութերի միջոցով վերականգնել Սարոյանի ժամանակաշրջանի շունչն ու ոգին՝ հնարավորինս հավատարիմ մնալով վերջինիս արտաքին տեսքին և կերպարային առանձնահատկություններին։

Նոր հոլոգրամն այժմ հասանելի է լայն հանրությանը և ներկայացնում է Սարոյանին, վերջինիս մանկությունը, պատանեկությունն ու հասուն տարիքը՝ զուգահեռ օգտագործելով նրա անձնական ձայնագրություններից հատվածներ։

Սարոյանի տուն-թանգարանը շնորհակալություն է հայտնում նոր հոլոգրամի նախագծի վրա աշխատած բոլոր անդամներին, մասնավորապես՝ Կարեն Մանգարյանին, Ավետ Բարսեղյանին, պարոն Հովնանյանին և մյուսներին իրենց անշահախնդիր մասնակցության համար, ինչպես նաև “Interactive World” կազմակերպությանը՝ մեր գաղափարներն իրականություն դարձնելու համար։

Շտապե՛ք այցելել թանգարան և փորձառել Սարոյանի ներկայությունը թանգարանում նորացված ցուցադրության միջոցով։