Բանակում գործ ունենք ոչ թե քրեական, այլ տղայական հոգեբանության հետ


14:15 , 21 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Վերջին 40 օրում բանակում` խաղաղ պայմաններում, գրանցվել է մահվան 13 դեպք, ինչը մտահոգիչ հանգամանք է ողջ հասարակության համար: 

Որտեղի՞ց են այդ խնդիրները ծագում` ընտանիքի՞ց, դպրոցի՞ց, թե՞ կան այլ գործոններ, որոնք բանակում հանգեցնում են ողբերգական հանգուցալուծման։ Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով, կան մի քանի կարեւոր գործոններ, նախ` տարիքը. «18-20-ամյա պատանին մահվան հանդեպ վախ չունի, մինչդեռ 70-80 տարեկան մարդիկ ռեալ վախենում են մահից, իսկ 18-20 անցումային տարիքում վախը մի քիչ բթացած է, բնականաբար, կա բնազդային վախ, մի քիչ էլ՝ ռոմանտիկ պատկերացում, որը բանակի հետ կապ չունի: Դա է պատճառը, որ 18-20 տարիքային խմբում ինքնասպանությունները շատ են: 2-րդ կարեւոր գործոնն այն է, որ այդ տարիքը համարվում է ճգնաժամային, եւ հաճախ են դեպրեսիաներ լինում: Բանակում ինքնասպանության, մահվան դեպքերից շատերը միջավայրի ազդեցությամբ կարող են լինել, կա «դեդովշչինա» ասվածը, իսկ այդ տարիքի տղաները սիրում են իրար ճնշել, ծեծել, ստիպել ինչ-որ արարքներ անել, երբեմն սեռական բնույթի ոտնձգություններ կարող են անել, ինչը պատանին չի կարող տանել, այսինքն՝ բարոյական նվաստացումը կարող է շատ մեծ դեր խաղալ»: 

Ըստ Խուդոյանի՝ դեր են խաղում նաեւ ոչ պրոֆեսիոնալ կադրերն ու մասնագետների չաշխատելու հանգամանքը. «Երբեմն հրավիրում են այնպիսի մարդկանց, որ որպես մասնագետ տեսնում ես, որ այդ մարդը ոչ մի կապ չունի այդ ոլորտի հետ, ու դա այն դեպքում, երբ բանակում գերպրոֆեսիոնալները պետք է այդ հարցերով զբաղվեն: Հոգեբանությունն այն մասնագիտությունը չէ, որ ով դիպլոմ ստացավ, կարող է աշխատել: Պրոֆեսիոնալ, կարգին հոգեբանները բանակում շատ քիչ են, ինչը բերում է նրան, որ կարող է չնկատեն այն մարդկանց, ովքեր ռիսկային գոտում են, չնկատեն, որ տվյալ անձը կարող է հաջորդ պահին ինքնասպանություն գործել, եւ անուշադրությունը կարեւորագույն պատճառներից մեկն է:

Հոգեբանը, որ տվյալ դեպքում կարող է սպա աշխատել բանակում, պետք է նկատի, որ, օրինակ, այդ տղային նեղում են, որ նա հուսահատական դեպրեսիվ վիճակում է: Իսկ ցանկացած պրոֆեսիոնալ հոգեբան կարող է դա իսկույն նկատել նրա աչքերից, հայացքից։ Պետք է անպայման ստուգել նաեւ բարձի տակ կամ այլ վայրերում այդ տղաների թողած գրառումները: Այսինքն՝ մյուս կարեւոր գործոնը կոնկրետ սպայական կազմի եւ նեղ հոգեբանների բացակայությունն է, որը կարող է աչքաթող վիճակի հասցնել»: 

Հոգեբանի կարծիքով, հարազատների հետ մշտապես կապ պահելը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ զինվորի հոգեբանության վրա։ «Կարելի է անսպասելի զինվորի ծնողին, սիրած աղջկան հրավիրել տեսակցության, որն իրավիճակը կլիցքաթափի, այսինքն՝ էմոցիոնալ առումով այդ կապը միայն ի նպաստ զինվորի կլինի, զինվորն էլ իր հերթին կսկսի հարգել իր ղեկավարությանը, բանակը, նաեւ կհասկանա իր արժեքը»,- ասում է Խուդոյանն ու ընդգծում, որ եկեղեցուց, դպրոցից հետո բանակն ազգային սրբություններից է, որտեղ յուրահատուկ հոգատարություն պետք է լինի զինվորի հանդեպ:  

«Ես հիշում եմ՝ դեռ Վազգեն Սարգսյանը մի քանի հոգեբանների կանչեց իր մոտ եւ ուզում էր հասկանալ, թե ինչ կարելի է անել, որ բանակը դառնա «պրիստիժնի» տեղ, երիտասարդը հպարտանա, որ ծառայում է բանակում: Ես՝ ինքս, քրեական գործեր եմ նայել, որտեղ զինվորները սովորական հայհոյանքի համար հանել իրար կրակել են»,- ասում է նա ու նկատում, որ չնայած նման դեպքեր բոլոր բանակներում էլ լինում են, բայց պետք է շատ ուշադիր լինել, ընդհուպ հաշվի առնել զինվորների համատեղելիությունը հերթապահության ուղարկելիս: 

Բանակում նման դեպքերը բացառելու համար Նիկոլ Փաշինյանն առաջնային է համարել քրեական ենթամշակույթի եւ կարգապահության հետ կապված խնդիրների լուծումը, ինչի առումով հոգեբանը վերապահումներ ունի. «Քրեական ենթամշակույթն ուրիշ է, տղայականը` ուրիշ: Քրեական ենթամշակույթը հանցագործ աշխարհի մշակույթն է, դա թմրանյութերն են, հանցագործ արարքները, գողությունները, գողական հիերարխիան, բայց բանակում գործ ունենք ավելի շատ տղայական հոգեբանության հետ, ճիշտ է՝ հաճախ նրանց համար հեղինակություն են դառնում գողական հեղինակությունները, բայց որ ասես՝ զինվորները ղեկավարվում են գողական ենթամշակույթի նորմերով` այդպես չէ, նրանք ղեկավարվում են տղայական ենթամշակույթով` թասիբի պատկերացումներով, մեկին կարող է մայր հայհոյեն, եւ նա մարդ սպանի, իսկ դա տղայական մոտեցում է, ո՛չ գողական»:

Հոգեբանը վստահ է` զորամասերում մեկ հոգեւորականի եւ մեկ հոգեբանի առկայությունը շատ քիչ է. «Շատ լավ է, որ հոգեւորական լինի, որպեսզի Աստծո հովանավորությունը զգա զինվորը, բայց ինձ թվում է՝ ավելի կարեւոր է հոգեբանների ներկայությունը, որոնց թիվը գոնե 5-ի պետք է հասնի, որ արդյունավետությունը տեսանելի լինի: Իսկ ամենակարեւորը` պրոֆեսիոնալ մասնագետներ պետք է լինեն, թե չէ՝ բանակի համար գիրք են գրել, վերցնում նայում եմ` ծայրից ծայր արտագրված է ուրիշ տեղից, ինչը խայտառակություն է: Վատ հոգեբանը վատ բժշկից վատ է եւ ավելի շատ վնաս կհասցնի»։ Խուդոյանը վկայակոչում է ԱՄՆ փորձը, երբ նոր զինակոչիկների հետ աշխատանքում ներգրավվում են հոգեբաններ, ովքեր ինտենսիվ աշխատանք են տանում պատանիների հետ:  

Այն, որ ինչքան շատ է խոսվում մահվան դեպքերի` սպանությունների, ինքնասպանությունների մասին, այնքան ավելի մեծանում է շղթայական ռեակցիան, ինչն էլ հանգեցնում է նոր դեպքերի, հոգեբանի կարծիքով՝ սխալ պատկերացում է. «Նման բան չկա, որ ինքնասպանությունների մասին խոսես, ու ինքնասպանությունները շատանան: Ես հատուկ այդ երեւույթը հետազոտել եմ միջազգային գրականությունում եւ կարող եմ ասել, որ նման բան չկա: Ընդհակառակը՝ եթե ահազանգ է հնչում եւ պրոպագանդա է գնում ինքնասպանությունների դեմ, դա, որպես կանոն, դրական ազդեցություն է թողնում: Ի վերջո, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, որտեղ դեպրեսիայի եւ ինքնասպանությունների մակարդակը շատ բարձր է, նրանք հատուկ հոգեբանական աշխատանքների շնորհիվ էապես նվազեցրել են ինքնասպանությունների ցուցանիշը: Նույնն էլ բանակում է պետք անել, զինվորների հետ աշխատել, որ անգամ ինքնասպանության գաղափարը նրանց մտքով չանցնի, բայց զինվորների հետ միայն պրոֆեսիոնալները պետք է աշխատեն, ոչ թե ամեն տեսակ ոչ մասնագետները»:

Խուդոյանը համաձայն չէ, որ բանակն ու բանակի խնդիրները տաբու են մեր հասարակությունում, ավելին, ըստ նրա, բանակի խնդիրների հետ կապված՝ վերջին տարիներին բազմաթիվ կոնֆերանսներ են կազմակերպվում, որտեղ փորձում են լուծում գտնել այս ու այլ մի շարք հարցերի: