Չինաստանում արագացրել են կորոնավիրուսի դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները


13:23 , 21 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի դեղամիջոցների հսկողության պետական վարչության փոխղեկավար Չեն Շիֆեյին։

Նրա խոսքով՝ տեղի գիտնականներն ընդհանուր առմամբ ավարտել են այդ պատրաստուկների գիտական հետազոտությունը դրանց արդյունավետության ստուգման առումով: Նշվում է, որ Չինաստանի իշխանությունները նաեւ արագացված ռեժիմով դիտարկում են դրանց վաճառքը թույլատրելու հնարավորությունը:
Դեղամիջոցների անվանումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայում չկա:

Ավելի վաղ ՉԺՀ-ի գիտության եւ տեխնիկայի փոխնախարար Սյույ Նանպինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները երկրում կսկսվեն ոչ շուտ, քան ընթացիկ տարվա ապրիլի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: