Տնտեսական հարաբերությունների զարգացման համար եղած օրենսդրությունը չի բավարարում. ՀՀ-ում չեն խրախուսում տեղական արտադրողին. Սերգեյ Բագրատյան


12:44 , 21 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Արդյո՞ք եղած օրենսդրությունը բավարարում է այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ, որ չի բավարարում: Այս մասին ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են և ընդամենը շաբլոնային բնույթ ունեն, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունը ընդհանրապես ապահովված չէ»,-հավելեց նա:

Վերջինս ընդգծեց՝ նախկին համակարգն իրեն համապատասխան գնումների գործընթաց է նախատեսել՝ մրցույթն այնպես էին հայտարարում և այնպիսի պայմաններ դնում, որ հաղթեն նախապես ընտրված անձինք: «Այս ընթացակարգով մրցույթները մեր տնտեսությունը բերեցին այս վիճակին՝ գերմոնոպոլիզացվեցին բոլոր ապրանքային շուկաները՝ 20 000 ապրանքատեսակ մոնոպոլիզացվեց»,-ասաց բագրատյանը՝ նշելով, թե այս անցումային շրջանում ուզում են նոր տերմիններ հնարել՝ գերիշխող դիրք, բայց դա հաղթահարել է պետք, իսկ հաղթահարման պրոցեսի մեջ կարևորագույն նշանակություն ունի հենց գնման գործընթացը:

Պատգամավորը մեջբերեց «Մեկ անձից գնումներ կատարելու» 23-րդ հոդվածի 2-րդ կետը. «Արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»՝ որակելով այն ծիծաղելի. «Ցանկացած գնում սրա տակ կարելի է անցկացնել: Եթե ես ուզում եմ՝ Պողոսը, Պետրոսը կամ «իքս» կազմակերպությունը գնի, ես մրցույթ եմ հայտարարում, որն անհնար է, որ իրականացվի, բնականաբար հաղթող ճանաչված չի լինում, հետո ասում են՝ ժամկետ չկա, անհետաձգելի պահանջ կա, և կարող են միայն «իքս» կազմակերպությունից գնել, և օրենքի ոչ մի խախտում չկա»,-պարզաբանեց պատգամավորը՝ նշելով, թե ներկա գործընթացում սա շատ լավ կիրառվում է, որովհետև շատերին դուր է եկել այս պրոցեսը՝ ինչո՞ւ գլուխ ցավեցնել:

«Սա ճանապարհ չէ, մենք պետք է կոտրենք այս համակարգը, եթե ուզում ենք նորովի հնարավորություն ունենալ»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: