Սերժ Սարգսյանի նշանակած կադրը կքննի նրա գործը. դատավորն ինքնաբացարկ կհայտնի. «Ժողովուրդ»


11:29 , 21 փետրվար, 2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանն առաջիկայում կարող է ինքնաբացարկ հայտնել:

Եվ ուշագրավն այն է, որ Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ, ահա, դատական համակարգում առաջին քայլերը անելու եւ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը:

Եվ չի բացառվում, որ այս հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահե Միսակյանը նշեց. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ… : Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ. ո՛չ էլ որեւէ հանգամանք կա»: Սակայն նկատենք, որ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է մի իրավիճակ, երբ քննիչները կամ դատավորները խուսափում են քննել այնպիսի գործեր, որոնք կապված են նախկին պաշտոնյաների հետ:

Նման պրակտիկա եղավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրալ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ նրա գործը քննող դատավորները մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ էին հայտնում: Հիշեցնենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները պատրաստվում են փետրվարի 25-ին դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 21.02.20թ. համարում։