Իշխանության աշխատանքը բաղկացած է միայն ուղեկցող միջոցառումներից ու PR-ակցիաներից. «Հրապարակ»


11:23 , 20 փետրվար, 2020

«Իհարկե, ցանկացած երկրի ղեկավար զբաղվում է նաև առաջին հայացքից անկարևոր հարցերով՝ փառատոներ է խրախուսում, այցելում դպրոցներ, մասնակցում թատերական պրեմիերայի, ընդունում ինչ-որ բանով աչքի ընկած մի դպրոցականի կամ իրեն նամակ գրած մի տատիկի։ Բայց այդ ամենն անում է շատ կարևոր գործեր անելուց հետո՝ իր հիմնական գործունեությունից դուրս՝ որպես լրացուցիչ «համեմունք» հիմնական «կերակրին»։

Մեզանում ճիշտ հակառակն է՝ կարևոր գործերն իրենց տեղը զիջել են փիառին ու անկարևոր միջոցառումներին։ Իշխանության աշխատանքը բաղկացած է միայն այդ՝ ուղեկցող միջոցառումներից ու փիառ-ակցիաներից։ Տպավորություն է, որ մեր երկրում չկա ոչ մի անլուծելի խնդիր։

Բայց նաև երկրում ոչ մի համակարգ չի աշխատում, և նրանց փոխարեն աշխատում է միայն վարչապետը, իսկ բուն վարչապետական գործառույթները կատարող չկա։ Ասենք, օրինակ, երկրում չկա Ճանապարհային ոստիկանություն և ոստիկանապետ, ու ՀՀ վարչապետն անձամբ է «լայվով» զրուցում տաքսիստների հետ ու բացատրում բալային համակարգի նրբությունները։

Երկրում չկա մշակույթի նախարար ու  մշակութային քաղաքականությունն իրականացնող որևէ անձ կամ մարմին, և վարչապետն իր մոտ խորհրդակցություն է հրավիրում «յարխուշտայի փառատոն անցկացնելու» հարցով, ապա որպես շատ կարևոր լուր՝ ավետում է, որ Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն, քանի որ «յարխուշտան մեր ազգային ինքնությանն ամենաբնորոշ պարերից է»։

Ապա մի խառնափնթոր տեքստ են հաղորդում, որ դա շատ «նշանային և կարևոր իրադարձություն է, որը կարտահայտի մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում, կօգնի լինել առանձնահատուկ նախանձախնդիր, մեր ինքնությունը պահպանել, կորսվող բաղադրիչները վերականգնել և զարգացնել»,-գրում է թերթը: