Մյունխենյան բանավեճին պետք էր պատրաստվել բարձր պիլոտաժի մակարդակով, այնինչ տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ. Մանուկ Սուքիասյան (Video)


20:29 , 19 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Նման ֆորմատով առաջին հանդիպմանը պետք էր պատրաստվել բարձր պիլոտաժի մակարդակով, այնինչ իրականում տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը և բանավեճին:

«Ալիևը եկել էր հնչեցնելու թեզեր, որոնք աղերս ունեն ոչ թե բանակցային գործընթացի, այլ այն տեքստի հետ, որը նա մատուցում է իր ներքին լսարանին: Նույն մոտեցումը նա ստիպեց, որ նաև Փաշինյանը կիրառի, այնինչ տվյալ հարթակը շատ ավելի բարենպաստ էր ընկալելի և հասկանալի լինելու համար միջազգայինն ուժային կենտրոններին, ովքեր միջնորդական գործունեություն են իրականացնում: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի համար ԼՂ հակամարտության պատմական, իրավական, քաղաքական նյուանսները հանելուկ են, և Փաշինյանը կամ Ալիևը դա պետք է բացահայտեին»,- ասաց նա:

Ըստ Մանուկ Սուքիասյանի՝ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հիմնական վրիպումն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նա միջազգային հանրությունից ակնկալում է խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր:

«Դա անհասկանալի էր, շատ պարզունակ, ոչինչ չտվող հայտարարություն էր: Այն, ինչն ակնկալում է Փաշինյանը, վաղուց արդեն կար: Այլ բան պետք էր ակնկալել, նա պետք է նշեր, որ եթե միջազգային հանրությունը ցանկանում է թույլ չտալ արյունահեղություն շփման գծում, պետք է աներ այսպիսի հայտարարություն, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը, ով նախահարձակ կլինի և կվերսկսի ռազմական գործողությունները, պետք է պատրաստ լինի, որ դիմացինն ավելի մեծ տարածքային նվաճումներ ունենա, պետք է համակերպվի դրա հետ: Ակնհայտ է, որ մենք չենք հարձակվելու այս պարագայում: Սա կկրեր ընդհանրական բնույթ, բայց զսպաշապիկ կլիներ Ադրբեջանի համար»,- նշեց Մանուկ Սուքիասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ