«Ոչ»-ին սեւացնելը հեշտ չի լինելու. իշխանությունը դիմում է մանիպուլյացիայի


19:01 , 19 փետրվար, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Քաղաքական գործընթացների համար որպես աշխատաոճ ընտրված սեւ - սպիտակի տեխնոլոգիան «Ոչ»-ի ճամբարի նկատմամբ դժվար է աշխատելու, ուստի իշխանությունը կիրառում է սեւ-սպիտակի քողարկված տեխնոլոգիան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավային տեխնոլոգիաներին։

«Ոչ»-ի ճամբարը ձեւավորեցին իրավապաշտպաններն ու իրավաբանները, նրանց սեւացնելը դժվար կլինի»,-ասում է քաղտեխնոլոգը՝ նշելով, որ այլ կլիներ պատկերը, եթե այդ ճամբարը ձեւավորեին քաղաքական ուժերը։

Արմեն Բադալյանը որպես սեւ-սպիտակի քողարկված օրինակ նշում է վարչապետի հրապարակած լուսանկարը, որտեղ իբրեւ թե ժողովուրդն ինքնագործունեությամբ «Ոչ» էր գրել քարուքանդ ճանապարհի վրա եւ «Այո»՝ բարեկարգ ճանապարհի վրա։

«Դա մանիպուլյացիոն տեխնոլոգիա է եւ քաղաքական գործընթացներում բազմաթիվ երկրներում մշտապես օգտագործվում է։ Դրա իմաստն այն է, որ իրականությունը շեղված ներկայացվի, այսինքն` հայտարարվում է, որ ՍԴ-ն նախկին ռեժիմի վերջին բաստիոնն է եւ խանգարում է առաջընթացին։ ՍԴ-ն վերածվում է թշնամու ու սկսում ես նրան հարվածել»,-բացատրում է մասնագետը։

Ըստ Բադալյանի, որպեսզի ցույց տրվի ՍԴ-ի՝ «վերջին բաստիոն» լինելը պետք է վիզուալիզացվի։ «Վերցրին քանդված ճանապարհը, այն դրեցին նորոգած ճանապարհի կողքին, բայց միաժամանակ ցույց չեն տալիս, ասենք Հյուսիսային պողոտայի հին ճանապարհը, կամ Դավիթաշենի կամուրջը, Զվարթնոց օդանավակայանը »,-նկատում է Բադալյանը։

Մանիպուլյացիոն տեխնոլոգիաների հաղթանակը, նրա խոսքով, կախված է «Ոչ»-ի աշխատանքի արդյունավետությունից, եթե «Ոչ»-ը գրագետ աշխատի, «Այո»-ն միանշանակ կպարզվի ։

«Այո»-ի մոտիվացիան շատ խոցելի է, մի քան քանի միլիոն մարդ պետք է ընտրատեղամաս գնա, որ 7 դատավոր պաշտոնն ազատի, որոնց հետ ժողովուրդը շփում չունի։ Այդ տեխնոլոգիաները շատ թույլ են»,-կարծում է Արմեն Բադալյանը։

Նա նույն մանիպուլյացիոն տեխնոլոգիաների շարքին է դասում հայտարարություններն առ այն, որ տարիներ շարունակ ՍԴ-ն եղել է ընտրակեղծարարութունը վավերացնողը։

«Իշխանությունը փորձում է աշխատել մարդկանց հուզական աշխարհի վրա, ոչ թե ռացիոնալ մտածելակերպի վրա, որ մտածեն՝ եթե հանցագործություն է եղել, թող դիմեն դատարան։ Մանիպուլյացիոն տեխնոլոգիաների խնդիրը հենց մարդկանց զգացմունքային գործողությունների մղելն է»։

Բադալյանը շեշտում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առջեւ նպատակ է դրել ամեն գնով Սահմանադրական դատարանը ենթարկել իրեն եւ դրան հասնելու համար տարբեր ճանապարհներ է փորձել ՝ քրեական գործեր, քաղաքական ճնշումներ, կենսաթոշակային կաշառք, բայց ոչինչ չաշխատեց։

Ըստ Բադալյանի՝ վերջինը հանրաքվեի անցկացման ճանապարհն է։ Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ իրավաբանները նշում են սպասվող հանրաքվեի հակասահմանադրականության խնդիրը։