Ովքե՞ր են դուրս եկել աշխատանքից Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի հետ միասին


18:25 , 18 փետրվար, 2020

Armdaily.am-ը գրում է․

Ինչպես երեկ հայտնի դարձավ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Մեր տեղեկություններով Բաբայանի՝ աշխատանքից դուրս գալուց հետո, նաև մի շարք աշխատակիցներ էլ են ազատման դիմումներ գրել։

АrmDaily.am-ին Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից փոխանցեցին, որ վարչական շրջանի ղեկավարը նշանակում է իրեն տեղակալներ.«Գևորգ Բաբայանն ինքն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից։ Իսկ տեղակալների մասով մենք դեռ դիմում չենք ստացել։ Դիմում են ներկայացրել վարորդը և թաղապետի քարտուղարուհին»։

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել։

Նշենք, որ ArmDaily.am-ը գրել էր, որ Աջափնյակի արդեն նախկին թաղապետ Գևորգ Բաբայանը ինքնակամ չի գրել ազատման դիմումը: Նրան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է հրահանգել աշխատանքից ազատման դիմում գրել: Թաղապետը աշխատանքային խնդիրներ է ունեցել քաղաքապետի հետ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ինչ-ինչ հարցերում անհամաձայնություններ են ունեցել: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։