«Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից և ոչ թե քաղաքական գործիչներից». Ռուբեն Մելիքյան


16:29 , 18 փետրվար, 2020

Մեր նախաձեռնող խմբի և անձամբ իմ հասցեին վերջին օրերին հնչում է քննադատություն առ այն, որ, «ՈՉ»-ի դրոշը գետնին չթողնելով, մենք լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը:

Այս քննադատությունն առաջին հայացքից շատ ողջամիտ է թվում, այնուհանդերձ համաձայն չեմ, որ մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը։

Պարզաբանեմ․

1) «Լեգիտիմությունը» քաղաքական կատեգորիա է, այլ ոչ իրավական։ Իրավական տիրույթում կարող ենք խոսել իրավաչափության և ոչ իրավաչափության մասին։

2) Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից և ոչ թե քաղաքական գործիչներից։ Ավելին՝ «ՈՉ»-ի կողմը ստանձնելու մեր հրապարակային հայտը և այդ կապակցությամբ ստանձնած հանձնառությունը կրում է ոչ թե քաղաքական, այլ իրավական ու քաղաքացիական բնույթ (հայտարարությունը՝ տես հղումում)։

3) Չլինելով քաղաքական ուժ և չհայտարարելով քաղաքական նպատակներ՝ մենք չենք կարող ո՛չ լեգիտիմացնել, ո՛չ էլ ապալեգիտիմացնել որևէ բան։

4) Ինչ վերաբերում է «իրավաչափությանը», ապա երևույթը կարող է լինել իրավաչափ կամ ոչ իրավաչափ՝ անկախ դրանում որևէ մեկի կամ խմբի մասնակցությունից։ Բերեմ օրինակ․ X-ը ոտնձգություն է գործում Y-ի նկատմամբ։ Ի՞նչ է, իրավաչափ եղանակներով դիմադրելով այդ ոտնձգությանը՝ Y-ը «լեգիտիմացնո՞ւմ» է ոտնձգությունը։