Ճապոնիայում մոտ 10 000 կիսամերկ տղամարդ մասնակցել է ամենամյա փառատոնին (Photo)


16:17 , 18 փետրվար, 2020

Ճապոնիայում մոտ տասը հազար կիսամերկ տղամարդ մասնակցել է երկրի հնագույն ավանդական փառատոներից մեկին, որն ունի 500-ամյա պատմություն, հայտնում է Daily Mail պարբերականը:

Փառատոնի մասնակիցները, կրելով միայն «սպիտակ սավանի» նմանվող հագուստ, հատուկ գլխաշոր և կոշիկներ, այցելել են Ճապոնիայի Օկայամա քաղաքի հարավային հատվածում գտնվող տաճար` նշելու «Մադակա Մացուրի» տոնակատարությունը:

Տոնակատարությունը սկսվում է նախքան հիմնական շենք մտնելը տղամարդկանց` մաքրվելու նպատակով տաճարի մոտակայքում եղած սառը ջրերի միջով անցնելուց հետո: Այնուհետև տղամարդիկ գարեջուր են խմում, տաքանում և սպասում են տաճարի գլխավոր մասնաշենք գնալուն:

Երեկոյան մոտավորապես 10-ի սահմաններում մասնակիցները ներս են մտնում գլխավոր տաճար, որից մոտ մեկ ժամ անց լույսերն անջատվում են, և քահանան ճյուղերի խրձեր է նետում ամբոխի վրա: 30 րոպե շարունակ տղամարդիկ հրմշտում են միմյանց ճյուղերը գտնելու և իրենց պահելու համար, քանի որ դրանք բարեբերության և առատության խորհրդանիշ են համարվում:

Սովորաբար «կռվից» հետո մասնակիցները մի շարք կապտուկներ ու կոտրվածքներ են ստանում:

Չնայած որ նախկինում նաև մահվան ելքով դեպքեր են եղել, ամեն տարի հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից շարունակում են մասնակցել այս փառատոնին: