Ի՞նչ է սպասվում ազատ մամուլին «այո»-ի դեպքում


09:28 , 18 փետրվար, 2020

Ինչո՞ւ հենց փաստաբաններն առաջին հերթին անհանգստացան ՍԴ դատավորներին հեռացնելու հանրաքվեի համար, և 130-ից ավել փաստաբաններ կոչ արեցին երկրի նախագահին ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։

Քանի որ «Այո» արդյունքի դեպքում փաստաբանական գործունեությունը կսկսի արդյունավետությունը կորցնել. եթե անկախ դատարանը վերանում է, դատարանում մնում է փաստաբանն իր պաշտպանյալի հետ՝ ընդդեմ դատախազին միավորված դատավորի, փաստաբանի միակ հույսը մնում է Եվրոպական մարդու իրավունքների դատրանը, էնտեղ էլ մինչև գործը քննվում է, 5-6 տարի է անցնում։

Փաստաբաններն ամենազգայունն են անկախ դատարանի և ուրեմն՝ իրավական պետության ավերման նկատմամբ։
Բայց եթե լրագրողները նույնպես մտահոգ են իրենց աշխատանքի արդյունավետության, խոսքի ազատության պաշտպանության նկատմամբ, ապա ոչ պակաս պետք է անհանգստացած լինեն, քանի որ դատարանի անկախության վերացումը հարվածելու է մամուլի ազատությանը։

Մամուլի ճնշումների մի քանի օրինակ

«Հրապարակ» թերթը հրապարակել էր, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը 2006֊ին դատապարտվել է ազատազրկման և 1 տարի նստել է, իսկ ՀՔԾ֊ն գործ է բացել՝ պարզելու համար, թե որտեղից է «Հրապարակը» տեղեկություն ստացել։ Այսինքն՝ իշխանության մտածելակերպն է՝ թերթը հանցանք է գործում, եթե հասարակությանը տեղյակ է պահում, որ իր երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը նախկինում հանցանք է գործել և դատապարտվել է։

Կամ այն, որ 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը բանտում է միայն նրա համար, որ իր եթերը իշխանությանը քննադատող հաղորդումներ է հեռարձակում։

Կամ «Ժողովուրդ» թերթի դեմ հալածանքներն այն բանի համար, որ Մարտի 1-ի գործով մի քանի հարցաքննություն հրապարակել էր։

Սրանք միայն ծաղիկներն են։ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, կսկսեն բրտորեն թերթերի սեփականատերերի վրա գործեր սարքել, լրագրողներին ասֆալտին փռել ու կալանավորել։ Դատարան դիմե՞լ, ոչինչ չի տա, դատարանը լրիվ կանցնի «Իմ քայլի» ձեռքը։