Սիրիայի խորհրդարանի բանաձևը պայմանավորված է ոչ միայն արտաքին, այլ ներքին գործոնով. Արաքս Փաշայան


23:02 , 17 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Tert.am-ը արաբագետ, Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանի հետ զրուցել է վերջերս Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նշանակության վերաբերյալ:

-Տիկին Փաշայան, վերջին օրերին հայկական մեդիա հարթակներում և սոցցանցերում մի շարք քննարկումներ ծավալվեցին՝ կապված Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևի հետ։ Ի՞նչ գնահատական կարելի է տալ այդ քննարկումներին։

-Հնչած կարծիքներում, ընդհանուր առմամբ, անդրադարձ կար խնդրի առանձին կողմերին։ Իմ պատկերացմամբ՝ հարցը համակողմանի գնահատականի կարիք ունի։ Մասնագետների մի մասը նշում էր, որ բանաձևը պետք է հիմնականում դիտարկել Սիրիայի և դրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների, թուրք-սիրիական թշնամական հարաբերությունների, մասնավորապես՝ Իդլիբի թնջուկի համատեքստում։ Միևնույն ժամանակ, կարծես բաց թողնվեց կամ ճիշտ գնահատական չտրվեց այն հարցին, թե հայկական լոբբինգը Սիրիայում որևէ դեր ունեցավ նշված բանաձևի ընդունման հարցում, թե՝ ոչ։ Հանդիպեցի նաև մի կարծիքի, որի հեղինակն ասում էր, որ Սիրիայի պետությունն ավելի ճիշտ կլինի գնահատական տա իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումների բազմաթիվ փաստերին և այլն։

Միանգամայն համաձայն լինելով այն տեսակետի հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձել է Երևանի կամ հայկական Սփյուռքի հետ այլևս կապ չունեցող միջազգային գործոն, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել պետությունների, ուժային կենտրոնների և տարբեր շրջանակների շահերը սպասարկելու համար, կցանկանայի նշել, որ Սիրիայի խորհրդարանի բանաձևը միայն «աշխարհաքաղաքականություն» չէ։

Ընդհանրապես, կարիք կա հարցերին նայել ոչ միայն աշխարհաքաղաքականության, ինչը որ անհերքելի է, այլ նաև պատմական հեռանկարի տեսանկյունից՝ մի շարք ներքին և արտաքին գործոնների համադրմամբ։ Մյուս կողմից` Սիրիայում մարդու իրավունքների հետ կապված հարցերին հղում անելը, ինչպես ասում են, այլ խոսակցության թեմա է, որը ոլորտային մասնագետների համար անշուշտ կարևոր հարց է։ Մենք այսօր պետք է փորձենք նախևառաջ գնահատական տալ բանաձևի պատմական նշանակությանը։

- Սիրիայի խորհրդարանի բանաձևին անդրադարձավ նաև ՀՀ ԱԳՆ-ն։

- Շատ ողջունելի է այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ-ն անմիջապես արձագանքեց և բարձր գնահատեց բանաձևը, չնայած տեքստի մեջ կան որոշ խրթին ձևակերպումներ։ Օրինակ` նշված է․ «Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի»։ Այսինքն՝ առանց բանաձևի հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը չէ՞ր փաստվի․․․ Բոլորն էլ, կարծում եմ, գիտակցում են, որ պետք է խուսափել հայ-արաբական հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապելուց։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ