Վանեցյանի ասածում ճշմարտության կա. բանակում խնդիրներ կան, որոնք լուծել է պետք. Վարդանով (Video)


22:22 , 17 փետրվար, 2020

168.am-ը գրում է․

«Թեև վաղն Ազգային ժողովում նախատեսված է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը, սակայն ես այդ նիստից բանակում առկա խնդիրների վերաբերյալ որևէ դրական լուծման ակնկալիք չունեմ, քանի որ այդ խնդիրները շատ խորքային են»,- այսօր 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը՝ նշելով, որ քանի դեռ հայկական բանակը համարվում է «Պլաց բանակ», չեն կարող առկա խնդիրներին տրվել դրանք բացառելուն միտված լուծումներ, ինչը հնարավոր կլինի միայն կառուցվածքային փոփոխությունների և բանակն ավելի պրագմատիկ դարձնելու պարագայում։

Խոսելով բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի մասին՝ Վարդանովը խորհուրդ տվեց դժբախտ դեպքերի վիճակագրության մասին չխոսել՝ հիմքում դնելով վերջին երկու ամսվա տվյալները, քանի որ հստակ վիճակագրության մասին կարելի է պատկերացում կազմել միայն տարեկան կամ կիսամյակային կտրվածքով։

«Դեռ 90-ական թվականներից ինձ բանակում զոհերի թիվը վախեցնում էր, այդ թիվը սարսափելի է եղել բոլոր նախորդ նախագահների պաշտոնավարման ժամանակ էլ։ Մենք բանակում հսկայական թվով զոհեր ենք ունեցել և ունենում՝ կապված տեխնիկական խնդիրների, անգրագիտության, միջանձնային հարաբերություներում չափն անցնելու, ինքնասպանությունների հետ։ Բայց կա մի բան, որն ինձ հիշեցնում է 90-ական և 2000-ական թվականները։ Գիտեք՝ այդ ժամանակներում աղանդ կար, որն ինքնասպանություն էր քարոզում բանակում, և այն ժամանակ նրանցով զբաղվում էր Ազգային անվտանգության ծառայությունը, կարծում եմ՝ հիմա էլ պետք է այդ ծառայությունն ուսումնասիրի զինվորների ինքնասպանությունների դեպքերը, որոնք, կարող է, ինչ-որ աղանդի գործունեության հետևանք են։ Աղանդները միշտ էլ եղել են, որոնցով Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել է, պարզապես կարծում եմ՝ հիմա շատ ավելի ուշադիր պետք է լինի ու դրանցով ավելի շատ զբաղվի»,- ասաց Վարդանովը։

«Ողջ մնալու արվեստը» կազմակերպության հիմնադիրը պնդում է՝ բանակը հասարակության հայելին է, եթե անգամ հայելին էլ չի, ապա խոշորացույցն է, ուստի բանակը չի՛ կարելի բաժանել հասարակությունից։

Դիտարկմանը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր պաշտոնավարման ժամանակ արգելել էր օգտագործել «Բանակը հասարակության հայելին է» ձևակերպումը՝ բանակում արձանագրվող խնդիրները չարդարացնելու համար, Վովա Վարդանովը նկատեց.

«Հասարակությանը բանակից չպետք է բաժանել։ Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը հիմա փորձում է իր դրական տեսակետներն առաջ տանել, քանի որ նաև քաղաքականությամբ է զբաղվում»։

Անդրադառնալով մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իրական հրամանատարներն ու լուրջ կադրային սպաներն իրենց լուրջ կենսագրությամբ այսօր պարտադրված են հաշվի նստել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների հետ, և չի՛ կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, Վովա Վարդանովն ասաց.

«Արթուր Վանեցյանն ընդամենը մի քանի ամիս առաջ այդ նույն դասալիքների առաջ զգաստ էր կանգնում ու պատիվ առնում։ Սա քաղաքական հայտարարություն է, որի մեջ, իհարկե, կա ճշմարտության մի մաս. Այո, խնդիրներ կան, որոնք լուծել է պետք»։

Նրա համոզմամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իշխանությունները բանակին բավարար ուշադրության չեն արժանացնում, և այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառնացող վտանգի իրական զգացողություն չունենք և բավարարվում ենք ընդամենը զինվորի սննդի և հագուստի որակի փոփոխությամբ։

«Ասենք թե, հիմա բանակի ճաշարանը դարձել է ռեստորան, բայց չէ՞ որ դրան զուգահեռ էլ՝ աննախադեպ բան է կատարվել. ռազմական խոհարարի ինստիտուտն է վերացել, իսկ մարտի դաշտում մեզ հենց մարտական խոհարար է պետք՝ մի մարդ, որն անիվի վրա ճաշը խառնում ու կռացած վիճակում զորք է կերակրում։ Գիտե՛ք, ոնց որ ինձ ասեն՝ տաք ջուր ցանկանո՞ւմ ես, ասեմ՝ այո, տաքը միացնեն՝ սառը փակելով. էսպիսի վիճակ է»,- ասաց Վարդանովը։

Խոսելով բանակի գեներալիտետի մասին, որոնց, թեև ոչ հասցեական, կառավարության ղեկավարն անվանել էր «զինվորի հացը գողացողներ», Վարդանովը նշեց, որ չի կարծում, թե մեր բոլոր գեներալները հրեշտակներ են, սակայն նրանց մեջ կան շատ լուրջ, գրագետ և հաջողակ գեներալներ։

«Կարծում եմ՝ մեր գեներալներին մի քիչ նեղելը չի խանգարի. իշխանությունը փչացնում է գեներալին և սպային, բացարձակ իշխանությունը՝ էլ ավելի, և էդպես է եղել միշտ, ուստի Ազգային ժողովում ստեղծված այդ քննիչ հանձաժողովն այս առումով ճիշտ գործ է անում, որոշակիորեն սանձում են գեներալներին, պարզապես այդ ճիշտ գործը կօգտագործեն հօգուտ ազգի՞, թե՞ իրենց քաղաքական նպատակների համար, դա դեռ չեմ կարող ասել»,- ասաց Վարդանովը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե բանակում ոչ մարտական զոհերը քրեական ենթամշակույթի արտահայտման ձև են, Վովա Վարդանովն ասաց. «10-15 տարի է՝ դա չկա. Ռազմական ոստիկանության և Դատախազության շնորհիվ գողական աշխարհի մեջքը բանակում կոտրվել է, որովհետև նախկինում անգամ փող էին հավաքում բանտեր ուղարկելու համար, հիմա դա էլ չկա, և ի պատիվ նաև Սեյրան Օհանյանի։ Հիմա բանակում ոչ թե գողական աշխարհն է, այլ դրա մետաստազները։ Էստեղ ուզում եմ հիշեցնել, թե ինչպես Եղնիկներում մի երիտասարդ կարողացավ իր շուրջը համախմբել 10-15 ազգային մտածողությամբ տղաների և այդ զորամասից գողական բարքերն արմատախիլ անել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում