ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ


18:47 , 17 փետրվար, 2020

Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը առարկություն է ներկայացրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր  հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։ Ըստ դատախազության արարքը սխալ է որակվել ՀՔԾ-ի կողմից։

«Այսինքն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հետևաբար դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»,- փետրվարի 10-ին հայտնել էին դատախազությունից։

Ցուցումից մեկ շաբաթ անց պարզ դարձավ, որ ՀՔԾ քննիչը չի շտապում վերաորակել Ա.Բաբլոյանին եւ Ա.Բաբայանին առաջադրված մեղադրանքները եւ մեղադրանքը չեռ չի փոխել։