«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային հեռուստաընկերության եթերի բովանդակությունը


13:51 , 17 փետրվար, 2020

2020թ.-ի ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկին ընդառաջ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ քարոզարշավի ողջ ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է հարկատուների գումարներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության եթերի բովանդակությունը: Շաբաթական ռեժիմով Հանրայինով հեռարձակված «ԱՅՈ» և «ՈՉ» բովանդակության հետ կապված մշտադիտարկման արդյունքները հրապարակվելու են հայերենով, ռուսերենով և անգլերենով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Հանրային հեռուստաընկերության եթերի մշտադիտարկման արդյունքներն ուղարկելու է նաև համապատասխան միջազգային կառույցներին: Քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում սահմանադրական հանրաքվեի հետ կապված արտառոց իրադարձությունների դեպքում մշտադիտարկման արդյունքները «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կհրապարակի անմիջապես` հանրությանը տեղյակ պահելով իր իսկ միջոցներով գործող հեռուստաընկերության՝ օրենքով սահմանված կարգով «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերին տրվող հավասարության և անաչառության խնդիրների մասին։