Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը քրեական պաշտպանության ինստիտուտի զարգացմանը որևէ կերպ չի բարենպաստում


20:25 , 16 փետրվար, 2020
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը քրեական պաշտպանության ինստիտուտի զարգացմանը որևէ կերպ չի բարենպաստում: Ճիշտ կլիներ, գնալ զարգացման ճանապարհով:
Օրինակ՝ ներդնել քննչական դատավորի ինստիտուտը և մեծացնել պաշտպանների հնարավորությունը փորձաքննությունների նշանակման հարցում, ավելի ճիշտ նման որոշում ընդունելու իրավունք տալ. թե ում միջոցների հաշվին քննարկման հարց է:
Քննչական դատավորները պետք է քննեն նախաքննության մարմնի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքներն առանց բացառության, այդ թվում ապացույցների անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ կայացնելով վերջնական որոշում, տան քննչական գործողություններ, օպերատիվ միջոցառումներ կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու թույլտվություններ, դեպոնացնեն ցուցմունքներ, օրինակ անչափահաս տուժողների դեպքում, ներկա գտնվեն մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի իրացմանը:
Քննչական դատավորները չպետք է մասնակցեն գործի հիմնական քննությանը, այսինքն չպետք է իրականացնեն արդարադատություն:
Դաժանություն է, երբ կալանքի տակ գտնվողին ասում ես կարևոր ապացույցների թույլատրելիությանը պետք է անդրադառնալ գործի քննության վերջում, հաճախ վերջնական դատական ակտ կայացնելիս, ամիսներ, եթե ոչ տարիներ հետո: Հնարավոր է առաջարկությունը ծախսատար է, բայց իսկական արդարադատության արժեքը ով է չափել...: