Ֆեյսբուքում ծնողին հորդորել են երեխային չտալ հակավիրուսային դեղամիջոց․ երեխան ավելի ուշ մահացել է գրիպից


09:34 , 15 փետրվար, 2020

Ֆեյսբուքյան խմբերից մեկում հակավիրուսային դեղամիջոցներից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում 4-ամյա երեխայի պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացնում է NBC news-ը։

Մայրը պատմել է, որ երեխայի մոտ դեռ ախտորոշում չի եղել, սակայն փոքրիկը ջերմություն ու ուշաթափություն է ունեցել։ Ընտանիքի 4 երեխաներից 2-ի մոտ գրիպ է ախտորոշվել, ու բժիշկը տան բոլոր անդամներին հակավիրուսային տամիֆլյու է նշանակել։

Մայրը գրառում է կատարել «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ֆեյսբուքյան խմբում, որը ունի 178 հազար անդամ։ «Բժիշկը նշանակել է տամիֆլյու, բայց ես այն չեմ կիրառել»,- գրել է նա։

Նրան հորդորել են օգտվել միայն բնական միջոցներից, ինչպիսիք են անանուխի յուղը, նարդոսը, վիտամին C-ն։ Մայրը նշել է, որ նշված միջոցները չեն օգնում, եւ այլ խորհուրդներ է հարցրել։ Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել փորձել բուժել երեխային կրծքի կաթով, ուրցով, կտտկենու հատիկներով, չնայած դրանցից ոչ մեկը բժշկության մեջ գրիպի բուժման համար չի կիրառվում։

Երեխան ի վերջո հոսպիտալացվել է և չորս օր անց մահացել։

Կոլորադոյի հանրային առողջության և շրջակա միջավայրի վարչությունը հաստատել է, որ նախադպրոցական տարիքի երեխան մահացել է գրիպից, իսկ երեխայի անձնական տվյալներում տեղեկություն չկա՝ պատվաստվել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, ֆեյսբուքյան խմբի հին գրառումներում երեխայի մայրը նշել է, որ իր երեխաները պատվաստումներ չեն ստացել։

Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Սա ողբերգություն է, եւ մենք այդ ընտանիքի եւ նրանց հարազատների կողքին ենք։ Մենք չենք ցանկանում, որ պատվաստանյութերի վերաբերյալ Facebook-ում  ապատեղեկատվություն տարածվի, եւ ամեն ինչ անում ենք դա բացառելու համար, այդ թվում՝ նաեւ փակ խմբերում»։

Տամիֆլյուն գրիպի բուժման համար նախատեսված ամենատարածված հակավիրուսային դեղամիջոցն է: Այն կարող է թեթևացնել ախտանիշները և կրճատել հիվանդության երկարությունը, բայց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ մտավախությունները տարածված են նույնիսկ հակապատվաստումային խմբերից դուրս:

Գրիպը հատկապես երեխաների շրջանում բավական ծանր է ընթանում։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ երեխաների հոսպիտալացման մակարդակն այս տարի նորմայից բարձր է, 68 երեխա մահացել է: