«Ընտրությունների ժամանակ պաշտոնական խոսք է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ արձանագրությունը կոնկրետ տեղամասից». Ալեն Սիմոնյանը՝ Տիգրան Մուկուչյանի հասցեին հնչող մեղադրանքների մասին


19:43 , 14 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Հանրապետական կուսակցության տարածած հայտարարությանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի հետևել, նրա կարծիքով՝ քաղաքական օրակարգում ՀՀԿ-ի խոսքն այդքան էլ կշիռ չունի։

«Կարծում եմ՝ այդ հայտարարությունը կարելի է համարել ևս մեկ դրդապատճառ, որպեսզի շատ ակտիվ մարդիկ մասնակցեն հանրաքվեին։ Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են քողարկված և բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի գործընթացը, այսինքն՝ անել ամեն ինչ, որպեսզի չլինի բարեփոխումը, որն իր մեջ ներառում է շատ խնդիրներ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Ալեն Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ Սահմանադրական դատարանն այսօր քաղաքականացված է, և նրա նախագահն ընտրվել է անօրինական ձևով և փաստացի ներկայացնում է քաղաքական մի ուժ և զբաղվում է քաղաքականությամբ։

«Դուք բոլորդ լսել եք, որ միշտ ասում են, թե՝ հես ա երեք ամիս կամ չորս ամիս հետո հետ են գալիս, հես ա բոլոր հարցերը լուծելու են, և այլն, այդ բաստիոններից մեկը, որը մնացել է, դատական իշխանությունն է՝ իր Հրայր Թովմասյանով»,- շեշտեց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանություններն ասում են, որ նախկիններից պետք է ազատվել, և գործընթաց են սկսել Հրայր Թովմասյանի դեմ, սակայն ոչինչ չեն անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից ազատվելու համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե իրենք ասել են, որ վենդետա չի լինելու:

«Եթե զուգահեռներ եք անցկացնում Հրայր Թովմասյանի և Գլխավոր դատախազի միջև, ապա Հրայր Թովմասյանի հետ կապված կա քրեական գործ, նա քաղաքականացված մարդ է, ոչ քաղաքական մարմնի մեջ, եկեք թացը չորից տարբերենք»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանին մեղադրում էր ընտրությունները կեղծելու մեջ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ լրագրողը երևի ինչ-որ բան «խառնում է», քանի որ ժամանակին ընդդիմությունը հայտարարել է, որ ունի խնդիր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ապահովելու համար. «Ընտրությունների ժամանակ պաշտոնական խոսք է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ արձանագրությունը կոնկրետ տեղամասից, որը ստանում է  յուրաքանչյուր դիտորդ, և այդ արձանագրությունները հավաքելով՝ ունենում ենք ընտրությունների տվյալները։ ԿԸՀ-ն արդեն երկու համապետական ընտրություն է անցկացրել, որը որևէ մեկի մոտ կասկած չի հարուցել»։