«Հրապարակ»-ը չի խախտել մասնագիտական էթիկան


17:37 , 14 փետրվար, 2020

Երեկ «Հրապարակ» (Hraparak Oratert) թերթը լուր տարածեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր կենսագրության դրվագներից մեկը, ըստ որի՝ դատվածություն է ունեցել ծառայության ընթացքում տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել, և որոշ ժամանակ անց՝ պատիժը կրելուց հետո համաներումով ազատ է արձակվել։

Այսօր Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան լայվով պարզաբանեց՝ հաստատելով հոդվածի իսկությունը։ Բացի այդ՝ նա դիմեց ԱԱԾ-ին ու ոստիկանության ղեկավարներին՝ խնդրելով պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը արատավորելու առիթ։

Վերջին օրերին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որտեղ նշված էր, որ իրենք մտահոգված են Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի թվի աճով և լրատվականների աղբյուրները բացահայտելու պահանջով։ Սուրեն Պապիկյանի նման խոսքը ևս մեկ առիթ կարող է հանդիսանալ, որպեսզի լրատվականներից, մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթից պահանջեն աղբյուր բացահայտել։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ լրատվականներն, ըստ ՀՀ օրենսդրության, իրենց աղբյուրները չբացահայտելու իրավունք ունեն։

Մտահոգիչ է այն փաստը, որ ՔՊ կուսակցության շատ անդամներ, Սուրեն Պապիկյանի աջակիցներ համացանցում «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ վիրավորական հայտարարություններ թույլ տվեցին և մեղադրեցին լրատվականին ստահոդ լուրեր տարածելու մեջ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կարծում է, որ «Հրապարակ» օրաթերթը գործել է հետաքննական լրատվության կանոններով, բացահայտել է պետպաշտոնյայի կենսագրության՝ հանրությանը անհայտ դրվագը և ներկայացրել է հասարակությանը։ Պետպաշտոնյայի մասին չեն հրապարակվել վիրավորական հայտարարություններ, ընտանիքին վերաբերող նեղ անձնական կամ ավելի զգայուն թեմաներ։