Մարդկանց «գազանանոցներ». XIX դարի եվրոպացիների ամոթալի զվարճանքը


20:30 , 14 փետրվար, 2020

Սովորաբար վանդակների մեջ ու գազանանոցներում պահում են կենդանիներին։ Սակայն նախկինում նման վայրերում կենդանիներին ընկերակցել են նաև մարդիկ՝ բուշմենները, էսկիմոսներն ու զուլուսները։ Մարդկանցով լի գազանանոցները մեծ տարածում ունեին Եվրոպայում։

Տարածումը մասսայական էր այն ժամանակ, երբ Դարվինի տեսությունը հայտնի դարձավ, ինչպես նաև ի հայտ եկան էվոլյուցիային վերաբերող մի շարք այլ հետաքրքիր տեսություններ։ Վերջիններիս հիմնական նպատակը մարդկանց կենդանու նմանեցնելն էր և նեգրոիդ ու ավստրալոիդ ռասայի ներկայացուցիչներին մարդկանց ի ցույց դնելը։

Նման գազանանոցներ կազմակերպվում էին գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, քանի որ քաղաքակրթության գլխավոր կենտրոնները չէին կարող հետ մնալ նման ներկայացումներից։ Բավական է նշել միայն, որ միայն Փարիզում «նեգրերի գյուղ» գազանանոց է այցելել շուրջ 28 միլիոն մարդ։

Հիմնական գաղափարը հետևյալն էր. ցուցադրել հասարակությանը կապիկի ու մարդու անցումային կերպարանքներ։ Շատերին իրենց հայրենիքներից կտրում ու բերում էին ցուցադրություններին խաբեության կամ այլ եղանակով։ Ամենն առավել պատկերավոր դարձնելու համար փոքրիկ գյուղակներ էին պատրաստում և կրկեսներն ու գազանանոցները հենց այդտեղ էին կազմակերպում։

XIX-XX դարերում նման «գյուղեր» հաճույքով այցելում էին անգամ շատ պետությունների ղեկավարներ։ Առիթից օգտվում էին նաև մարդաբանները, որոնք մանրամասնորեն ուսումնասիրում էին «ներկայացված նմուշներին»։

Եվ միայն XX դարի կեսերին նման գազանանոցներն անհետացան, իսկ մինչ այդ քաղաքակիրթ մարդկանց ամենասիրելի ժամանցի վայրն էին հանդիսանում։ Երկրորդ աշխարհամարտից հետո մարդիկ հասկացան, որ նման բան անելը ոչ այլ ինչ է, քան Ադոլֆ Հիտլերի գաղափարների շարունակություն։